Mastodon
Showing posts with label 1984. Show all posts
Showing posts with label 1984. Show all posts

Կիբերանվտանգություն․ ինչ սպասել ու ինչ անել 2022֊ին

 

Կիբեր֊վտանգները մեր երկրի եւ հասարակության համար շարունակելու են լինել լուրջ եւ աճող սպառնալիքներ։ Մեր կանխատեսումները 2020-ին առ այն, որ երկրում կակտիվանան տարբեր պետություններին սպասարկող հաքերային թիմեր, ինչպես նաեւ ներքին հաքերային ակտիվությունը կակտիվանա, փաստացի իրականացվեցին եւ էլ ավելի կխորանան։ Սակայն կան այլ զարգացող վտանգներ։ Դիտարկենք հերթով կիբեռ֊սպառնալիլքները։ 

2021 թվականին կիբերանվտանգության տեսանկյունից մենք ունեցել ենք ինչպես կրկնվող երեւույթներ, այնպես էլ յուրահատուկ զարգացումներ։ 




Կրկնվող երեւույթներից, որոնք մեզ հետ կլինեն նաեւ 2022֊ին հարկ է նշել մի քանի կարեւորը․

  • Ադրբեջանական հաքերները արդեն տասնամյակներ աշխատում են հայաստանյան եւ ընդհանրապես հայկական թիրախների դեմ։ Նման գործողությունները, բնականաբար, միտում չունեն նվազելու։ Թիրախավորվելու են ինչպես կայքերը, այնպես էլ հաշիվները սոցիալական ցանցերում։

  • Կիբեր հանցագործները տարբեր հնարքներով փորձում են մարդկանցից գումար կամ անձնական տվյալներ կորզել։ Այստեղ շարունակաբար աճելու է ներքին շուկայում հարձակումների թիվը, որոնք ավելի վտանգավր են, քանի որ թիրախային են, հիմնվում են տեղական թեմաների վրա, ընկալելի հայերենով են իրականացվում գործընթացները, որոնք ավելի հեշտ են մոլորեցնում մեր քաղաքացիներին։

Սա համատարած, զանգվածային եւ գրեթե անընդհատ բնույթ ունեցող երեւույթներ են։ Սակայն, կարելի է կանխատեսել աճ լուրջ, խորացված եւ թիրախավորված հարձակումների ոլորտում։ Որո՞նք են այն հիմնական լուրջ վտանգները, որոնց մենք կարող ենք հանդիպել եկող տարում։

  •  Արտաքին եւ ընդհանուր տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակից բխող վտանգները։ Հայաստանը գտնվում է բազմաթիվ երկների եւ գերտերությունների ուշադրության կենտրոնում, հաշվի առնելով ներկա զարգացումները։ Ինչը նշանակում է, որ գնալով աճելու են պետական հաքերային խմբերի կողմից իրականացվող թիրախային հարձակումները, որոնց աճը մենք տեսել ենք արդեն 2021֊ին։ Առնվազն վեց֊յոթ երկիր է կարելի նշել, որոնք ունեն շատ խորը հետաքրքրություններ տարածարջոնում եւ համապատասխան ներուժ բարդ կիբեր֊հարձակումներ իրականացնելու համար հայաստանյան եւ ընդհանրապես հայկական թիրախների դեմ։ Եվ սա չհաշված Թուրիքայի եւ Ադրբեջանի հատուկ ծառայությունները, որոնց հետաքրքրությունը երբեք չի մարել եւ միտում էլ չունի։ Նման պետական հաքերային թիմերը աշխատում են փոքր քանակի թիրախների դեմ, սակայն դրանց գործողությունների ազդեցությունը կարող ա լինել շատ ծանր, ազգային անվտանգության մակարդակով աղետներ առաջացնել։

  •  Մյուս լրջագույն խնդիրն այն է, որ ներքին քաղաքական դաշտում է սկսել ակտիվացում։ Հայաստանը փաստացի արդեն իսկ հայտնվել է այն երկների ցանկում, որոնք, ամենայն հավանականությամբ, կիրառում են իրենց քաղաքացիների դեմ լրտեսական ծրագրեր։ Ամեն դեպքում, արդեն երկար ժամանակ է, ինչ ստացովում են զանազան սիգնալներ, որոնք կարող են նշանակել, որ ուժային կառույցները կիրառում են կիբեր֊լրտեսական գործիքներ կամ գործընթացներ  ներքին դաշտում։ Խնդիրը նրանում է, որ եթե նման գործիքակազմ սկսում է ակտիվորեն կիրառվել երկրի ներսում, այդ պրոցեսները այլեւս շատ բարդ է ոչ միայն կանգնեցնել, այլ նույնիսկ դանդաղեցնել։ Հաշվի նստենք նաեւ այն փաստի հետ, որ վերջին շրջանում արձանագրվել են թվային միջամտության տարբեր տիպի դեպքեր, որոնց հետքերը տանում են ոչ-պետական ոլորտ։ Կարելի է ենթադրել, որ հետեւում կանգնած կարող են լինել ինչպես խոշոր տնտեսական, այնպես էլ քաղաքական ուժեր։ Ինչը դարձնում է իրավիճակի երկրի ներսում խիստ վտանգավոր եւ անվերահսկելի։  

  •  Հայաստանյան բանկերը եւ ֆինանսական հայստատոթւոյւնները դառնում են ավելի ու ավելի հետաքրքիր թիրախ կիբեր֊հանցագործների համար։ Մի քանի պատճառով։ Մարդկանց ներգրավվածությունը օնլայն առեւտրում եւ վարկավորմանը աճում է։ Բանկերը եւ ֆինանսական կազմակերպությունները սկսել են մրցավազք ավելի տեխնիկապես զննված երեւալու համար։ Այս ամենը ստեղծում է ինչպես մարդկային, այնպես էլ տեխնիկական տեսանկյունից պարարտ հող զանգվածային հարձակումների համար։ Ինպես պգտատերերի մակարդակով, այնպես էլ բուն բանկային եւ այլ ֆինանսական ենթակառուցվածքների մակարդակով։

  •  Պետական համակարգը գնում է դեպի ավելի խորը թվայնացում, էլեկտրոնային կառավարության գործիքակազմը համալրվում է եւ մոտակա ժամանակահատվածում կստանանք որակապես ավելի զարգացած համակարգեր։ Ինչը նաեւ նշանակում է՝ ավելի թիրախավորված եւ ավելի շատ հնարավոր խոցելիություններով։ Հնարավոր են ոչ միայն կառույցների աշխատանքերի խաթարումներ, այնպես էլ՝ անձնական տվյալների զանգվածային արտահոսքներ։

  •  Գոյություն ունեն վտանգներ կրիտիկական ենթակառուցվածքների մակարդակով հարձակումների։ Պատերազմի փորձը, երբ Արցախում թշնամուն հաջողվեց կիբեր֊հարձակման միջոցով խաթարել բջջային կապը, ցույց է տալիս, որ մենք պատրաստ չենք նման հարձակումների։

Ի՞նչ անել

2021 թվականի հիմնական կիբերանվտանգության խնդիրները Հայաստանում

 

2021֊ը, անկասկած, ավելի թեթեւ տարի էր կիբեր֊վտանգների ըեսանկյունից, քան նախորդ ծանր տարին։ Շատ հարցերում իրավիճակը ավելի հանգիստ էր, չկային զանգվածային հարձակումներ, որոնք անցյալ տարի տեղի էին ունենում ամառվանից սկցված մինչեւ պատերազմը։

Մյուս կողմից, բավականին քիչ տեսանելի կամ հանրային հնչեղություն չստացած գործընթացները խոսում են այն մասին, որ Հայաստանի որպես պետություն, ինչպես նաեւ հանրային մակարդակով խոցելությունները կիբեր֊հարձակումների հանդեպ շարունակում են աճել։

Սա պայմանավորված է մի քանի գործոնով․

  • Աճում է երկրի եւ բնակչության թվայնացումը, ինչը բացում է նոր խոցելի հանգույցներ։ Մյուս կողմից ընդհանուր գրագիտության աճը շատ ավելի կամաց է ընթանում

  • Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական բարդ գործընթացների կիզակետում, ինչի պատճառով տեղեկատվություն ստանալու մեջ հետաքրքրվածների թիվը աճել է

  • Աճում է ներքին կիբեր֊հանցագործների թիվը, ինչը դարձնում է հարձակումները ավելի թիրախավորված եւ վտանգավոր։


Ներքին կիբեր֊վտանգների աճ


Հայաստնը միշտ եղել է երկիր, ուր հիմնական հաքերային վտանգները ունեցել են արտաքին բնույթ։ Այստեղ տարբեր գործոններ են ազդել, որոնց պատճառով մինչեւ վերջերս լուրջ կամ կիսա֊լուրջ հաքերային թիմերիը գերադասում էին երկրից դուրս աշխատել՝ հիմնականում հայրենասիրական ոլորտում։

Վերջին տարիներին սկսեցին շատանալ կիբեր֊խաբեբաները, որոնք այս կամ այն կերպով գումար էին կորզում: Սակայն բավականին նոր երեւույթ է դարձել հայաստանյան հաշիվների վրա հարձակումները հայալեզու հաքերների կողմից։ Որոնք լավ տեղյակ են ներքին խոհանոցին, հայերեն են խոսում, ինչը հեշտացնում է հարձակումները։ Այս հաքերները հիմնականում զբաղված են շանտաժով։ Կոտրում են հաշիվը, հետո գումար պահանջու՝ սպառնալով հակառակ դեպքում հրապարակել զոհի ներքին նամակագրությունները։ Միանգամից ասեմ․ հիմնականում, եթե գումար եք վճարում, ապա սպառնալիքները չեն դադարում։ Հասկանում են, որ դուք վճարունակ եք, ու սկսում են էլի ու էլի գումարներ կորզել։ Ասեմ, որ հարձակվողները հայեր են, բայց ոչ բոլորն են Հայաստանում գտնվում։



Հաքերի եւ զոհի նամակագրության օրինակ

Նաեւ նշենք, թե ինչ անել, եթե նման հաձակման զոհ եք դարձել։ Եվ ամենակարեւորը․ ինչպես անել, որ չդառնաք նման հարձակման զոհ 

Թիրախային հարձակումներ պետականամետ հաքերների կողմից


Հայաստանցիները եւ ընդհանրապես հայերը աշխարհով մեկ արդեն տարիներ շարունակ հանդիսանում են թիրախ ադրբեջանական եւ թուրքական հաքերային խմբավորումների համար։ Դրանց մեջ կան ակընհայտորեն թիմեր, որոնք կամ պետական են, կամ աջակցում են պետական կառույցներին։ Այսպես օրինակ, տարվա ընթացքում ադրբեջանական Azerbaijan Cyber Army թիմը կոտրել են 70-ից ավելի հայաստանյան կայք։ Դժվար է հստակ ասել, թե որքանով են այս թիմի հաքերները կապված պետական կառույցների հետ։

Սակայն վերջին ժամանակներում սկսվել է ակտիվացում այլ երկների պետական հաքերային թիմերի կողմից։ Ինչպես նաեւ արդեն կարելի ա արձանագրել, որ կան բավականին հիմնավոր կասկածներ խոսելու ներքին հարձակումների մասին։

Նշենք ամենաաղմկարեւոր եւ հիմնավորումներ ունեցող դեպքերը, որտեղ երեւում են տարբեր պետությունների կողմից կիբեր հարձակումները․

Հուլիսի 14֊ին Google֊ում հայտարարեցին, որ հայտնաբերել են երեք զրոյական օրվա (Zero Day) խոցելիություններ, որոնք թույլ են տվել բրաուզերի մակարդակով հարձակումներ իրականացնել։  Հարձակումների թիրախները եղել են Հայաստանում։ Հարձակման համար օգտագործվել են կեղծ կայքեր որոնք նմանակել են հայաստանյան հակտնի լրատվականները․ lragir[.]org, armradio[.]org, asbares[.]com, armtimes[.]net, armlur[.]org, armenpress[.]org, hraparak[.]org, armtimes[.]org, hetq[.]org. Հղումները վարակված կայքերի վրա տարածվել են էլեկտրոնային փոստի միջոցով։ Գուլգում համոզված են, որ հարձակումը իրականացվել է պետական հաքերների կողմից՝ առանց նշելու պետությունը։ Սակայն, հարձակման լրջությւոնը, նաեւ դրա ֆինանսապես թանկ լինելը խոսում է այն մասին, որ սա կարող էր իրականացվել միայն մի քանի երկրի հաքերների կողմից, երկների, ուր գոյություն ունեն իսկապես լուրջ կիբեր֊հարձակումների հզորություններ։

Զուգահեռ Microsoft֊ում հայտնում են, որ հայտնաբերել են կրկին զրոյական օրվա հարձակում, ուր զոհերի ցանկում կային թիրախներ Հայաստանից։  Citizen Lab կողմից իրականացված հետաքննությունը թույլ է տալիս իմանալ, որ հարձակման համար օգտագործվել է իսրայելական Candiru կազմակերպությոան արտադրության վնասակար ծրագիրը։ Այս անգամ զոհերը ստանում էին հղում, որը տանում էր Արմենպրեսին նմանակող կայքի armenpress[.]net. 

Նոյեմբերի 24֊ին մի քանի տասնյակ մարդ Հայաստանում ստացավ նամակ Apple֊ից այն մասին, որ իրենց վրա իրականացվել է հարձակման փորձ պետական հաքերային թիմի կողմից։ CyberHUB-AM տվյալներով, հայտնի է քսանից ավելի նման նամակ ստացողների մասին Հայաստանում։ Նամակների ստացումից մի քանի ժամ առաջ Apple-ը հայտնել էր, որ դատի է տալիս իսրայելական NSO Group կազմակերպությանը, որն լրտեսական ծրագրեր է ստեղծում եւ վաճառում պետական կառույցներին, հետախուզական գործողությունների համար։ Ծրագիրը կոչվում է Pegasus, եւ ամենայն հավանականությամբ, նամակը հենց այս ծրագրի հավանական զոհերին է ուղղվել։

Pegasus֊ը․ Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ

 

 

Նոյեմբերի 24-ի լույս գիշերով բազմաթիվ մարդիկ ստացել են նամակ Apple֊ից, ուր իրենց տեղեկացնում էին, որ իրենք հանդիսացել են թիրախ պետական հաքերային թիմի կողմից հարձակման։ Նամակում չի նշվում, թե դա ինչ տիպի հարձակում է եւ որ երկրի հաքերների մասին է խոսքը։ 

Հայտնի է միայն, որ նման նամակներ ստացել են մարդիկ, որոնք կամ իրենք կարեւոր դերակատարում ունեն Հայաստանի հանրային եւ քաղաքական գործընթացներում կամ հանդիսանում են կարեւոր կառույցի աշխատակից։ Մեզ հայտնի է ավելի քան երկու տասնյակ մարդ, ով ստացել է նման զգուշացում Apple֊ից։ Դրանց մի մասը ընդդիմադիր են, մի մասը ներկայացնում են կամ վերջերս ներկայացրել են իշխանության տարբեր ճյուղեր։

Նամակների ստացումից մի քանի ժամ առաջ Apple-ը հայտնել էր, որ դատի է տալիս իսրայելական NSO Group կազմակերպությանը, որն լրտեսական ծրագրեր է ստեղծում եւ վաճառում պետական կառույցներին, հետախուզական գործողությունների համար։ Ծրագիրը կոչվում է Pegasus, եւ ամենայն հավանականությամբ, նամակը հենց այս ծրագրի հավանական զոհերին է ուղղվել։

Մի քանի մարդ արդեն հանրայնորեն հայտարարել են, որ իրենք ստացել են նման նամակներ։ Մեկը դա նախկին ԱԱԾ տնօրեն եւ ներկա “Պատիվ ունեմ” ընդդիմադիր ուժի ղեկավար Արթուր Վանեցյանն է։ Մյուսը՝ Դավիդ Սանասարյանն է։ Ավելի ուշ նման բանի մասին հայտնեց փաստաբան Աննա Կարապետյանը։ Նաեւ բարձր տեխնոլոգիական արտադրության նախարար Վահագն Խաչատրյանը հայտնեց լրագրողներին, որ ստացել է նման նամակ։ Ըստ տեղեկատվության անվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանի՝ ինքը դեռ երկու ամիս արաջ հայտնաբերել էր Pegasus Վանեցյանի եւ իրմտերիմների հեռախոսների վրա։




Արթուր Վանեցյանի ստացված նամակը


Հաշվի առնելով հնարավոր վարակվածների ցանկը եւ այն փաստը, որ բոլորը նույն պահին են ստացել զգուշացնող նամակը, կարելի է ենթադրել, որ Apple֊ում կարող էին մի քանի ալիք հարձակումները մեկ փուլով ընդգրկել զգուշացման արշավում։ Շատ հնարավոր է, որ մենք գործ ունենք մի քանի դեպքերի հետ, որոնց ընթացքում, օրինակ, վարակումները կարող էին ուենալ արտաքին եւ ներքաղական պատճառներ։ Քանի որ բոլոր վարակվածները միասին դժվար թե կարողանային հետաքրքրել մեկ հարձակվող կողմին։

Իսկ հիմա անդրադառնանք մի քանի կարեւոր հարցերի․

Ինչ է Pegasus֊ը


Pegasus֊ը իրենից ներկայացնում է բջջային հեռախոսները վարակող ծրագիր, որը արտադրվում է Իսրայելական NSO Group կազմակերպության կողմից եւ վաճառվում է միջազգային շուկայում՝ տարբեր պետական կառույցներին հետախուզական գործողոթւյուների համար։ Ծրագիրը թույլ է տալիս վարակված հեռախոսի միջոցով լիարժեք հետեւել թիրախին, ստանալով գրեթե ողջ տեղեկատվությունը, որի հնարավորությունը տալիս է սմարթֆոնը։ Կազմակերպությունը իրականացնում է վարակումը ինքնուրույն, պատվերով՝ ստանալով թիրախների ցանկը եւ տրամադրում հետո գործիքակազմը պատվիրատուին։

Ինչ հնարավորություններ է այն տալիս


Pegasus֊ը կարող է վարակել երկու հիմնական օպերացիոն համակարգերը․ iOS, Android. Pegasus֊ի վարակումը իրականացվում է SMS, iMessage, WhatsApp միջոցով։ Վարակումից հետո այն թույլ է տալիս լիարժեք հետեւել թիրախին, մուտք ստանալով տվյալներին, հաղորդագրություններին, զանգերին։ Բացի դրանից, այն կարող է աննկատ միացնել հեռախոսի տեսախցիկն ու խոսափողը։ Փաստացի, թիրախը գաղտնիք չի ունենում։

Կարող է ես էլ լինեմ Pegasus֊ի զոհ


Pegasus֊ը թանկ հաճույք է։ Խոսքը գնում է մի քանի հազար դոլարի մասին մեկ թիրախի համար։ Ամենայն հավանականությամբ դուք կարող եք լինել թիրախ այն դեպքում, երբ դուք հասարակա֊քաղաքական կամ ռազմական կարեւոր գործիչ եք, հետաքննող լրագրող կամ խմբագիր։ Իհարկե, նաեւ, եթե դուք կարեւոր հանցագործ եք կամ ահաբեկիչ։ Նաեւ, եթե դուք վերոհիշյալ անձնաց մոտիկ բարեկամ եք։ Մնացած այլ դեպքերում գրեթե անհնարին է, որ ձեր դեմ կկիրառվի նման թանկարժեք գործիք։

Իսկ ում դեմ է Pegasus֊ը կիրառվել

Թվային անվտանգությունը կորոնավիրուսի եւ կարանտինի օրերին

Արդյո՞ք կորոնավիրուսը ավելացնում է կիբեր֊վտանգները։ Իսկ բուն կարանտինը լրացուցիչ սպառնալիքների աղբյուր դարձե՞լ է։ Երկու հարցն էլ ունեն դրական պատասխան։ Հերթով դիտարկեն հիմնական մարտահրավերները եւ դրանց դիմակայելու հնարավորությունները։

Մի քանի կարեւոր հանգամանք գոյություն ունի, որոնք ավելացրել են թվային վտանգները․

ա․ Կարանտինի պատճառով դպրոցականները անցել են օնլայն։ Շատ երեխաների համար ցանցը բացառապես անծանոթ էր մին այս պահը, հատկապես կրթսեր դասարանների։ Եվ երեխաների եւ իրենց ծնողների մեծամասնությունը իրազեկ չեն հիմնական անչափահասների թվային անվտանգության սկզբուքներից

բ․ Մարդիկ ստիպված են անցնել էլեկտրոնային առեւտրի եւ օնլայն ծառայությունների։ Ինչը գնալով ավելացնում է հնարավոր հարձակումները, քանի որ շատերը նման փորձ չունեն, քանի որ Հայաստանոմ էլեկտրոնային առեւտուրը ամենազարգացած ճյուղերից չէր

գ․ Ընդհանուր առմամբ մարդիկ ավելի երկար ժամանակ են մնում ցանցում, ավելի շատ են օգտվում զանազան կայքերից եւ ծառայություններինց, ինչը զուտ վիճակագրորեն շատացնում է վտանգների քանակը։

Այս պահին կիբեր-հանցագործները ակտիվացել են, քանի որ իրենց համար երկու կարեւոր հանգամանք գոյություն ունի․

ա․ Ինտերնետում են հայտնվել մեծ քանակի մարդիկ, որոնք շատ քիչ փորձ ունեն ցանցից օգտվելու
բ․ Ընդհանուր ծանր էմոցիոնալ, տնտեսական, հասարակական մթնոլորտը ավելի խոցելի է դարձնում մարդկանց

Բացի դրանից, այս պահին նաեւ Հայաստանի դեմ են ակտիվացել Ադրբեջանի հաքերային խմբերը, ինչպես նաեւ հատուկ ծառայությունները, որոնք փորձում են սոցցանցերում խուճապ սերմանել՝ օգտվելով հայաստանցիների կոտրած ֆեյսբուքյան հաշիվներից, որոնց միջոցով ապատեղեկատվություն են տարածում։

Հիմնական տարածվող խաբեությունները
Ինտերնետային խաբեությունները Հայաստանում գնալով ավելի են տարածվում։ Եվ վերջին ժամանակները բացասական տենդենցն այն է, որ դրանք հայաֆիկացվում են, օգտագոծվում է հայկական կամ հայաստանյան բովանդակություն, կիրառվում են ավելի ու ավելի լավ հայերենով գրված տեքստեր։

Այսօր ամենատարածվածը՝ դա շահումներն են։ Ամեն տիպի եւ տեսակի։ Ամենատարածվողը դա հայ հայտնիների անունից տարածվող առաջարկն է գրել, օրինակ, ազգանունի առաջին տառը եւ դրա դիմաց ստանալ աստղաբաշխական գումարներ։ Հանդիպում են կեղծ Քիմ Քարդաշյանը, Հներիկ Մխիթարյանը, Սիրուշոն, Սերժ Թանկյանը, Շերը, Ջիգարխանյանը եւ այլն։

  

Ահա մի քանի օրինակ, ինչպես նաեւ հետագա շփման մեսենջերով, եթե մարդ մեկնաբանում է նմանատիպ գրառում



Մարդուն առաջարկվում է ստանալ գումարը՝ բնականաբար, տրամադրելով բանկային քարտի տվյալները։

Կիբեր֊անվտանգությունը Հայաստանում․ 2019 թվականի արդյունքները


Կիբեր֊անվտանգության տեսանկյունից 2019 թվականը բավականին հետաքրքիր էր։ Իհարկե, բազմաթիվ իրադարձություններ պարզապես արդեն շարունակական բնույթ ունեն տարիներ շարունակ։ Օրինակ, ադրբեջանական հաքերների հարձակումները։ Մյուս կողմից, կան նաեւ նորություններ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել։ Իսկ հիմա հերթով․

Ադրբեջանական հաքերային գործոնը


Դեռ 2000-ականից է ընթանում հայ֊ադրբեջանական կիբեր֊հակամարտությունը։ Հիմնականում այն դրսեւորվում է երեք ուղղություններով․ կայքերի վրա հարձակում (defacement), DDoS հարձակումներ եւ հարձակումներ անհատական հաշիվների վրա սոցցանցերում։ 2019 թվականը ադրբեջանական հաքերները նվիրեցին սոցցանցերին եւ էլեկտրոնային փոստերին։ Մի քանի անգամ ինտերնետում տեղադրվել էին օգտատերերի մուտքային տվյալները, որոնք պարունակում էին էլեկտրոնային փոստը եւ գաղտնաբառը։ Մեծ արտահոսքներ եղել են մի քանի անգամ։ Մեկը իրականացվել է հունվարի 20-ին, քանի որ այդ օրը Ադրբեջանում նշում են այսպես կոչված «սեւ հունվարի» օրը։ Արտահոսքը պարունակել է մոտ 2 հազար տվյալ։ Մյուս արտահոսքը, որը պարունոկաում էր մոտ 3 հազար հաշվի տվյալ, եղել է մայիսի 28֊ին։ Ընդհանուր առմամբ կոտրված հաշիվների թիվը կարելի է գնահատել որպես 10 հազարը գերազանցող։ Հարձակումները իրականաուցվում են զուտ ֆիշինգային նամակների միջոցով, ինչպես նաեւ կեղծ ֆեյսբուքյան հաշիվների միջոցով, որոնք ներկայանում են որպես սոցցանցի անվտանգության բաժին եւ առաջարկում են հղումով ինչ֊որ գործողություն կատարել։ Նման հարձակումներից պաշտպանվելու համար հարկավոր է բազային թվային հիգիենայի իմացություն։ Ցավոք սրտի հաջողված հարձակումների թիվը մնում է շատ մեծ։ Դրանց ազդեցությունը ոչ միայն անձնական մակարդակի վրա է մնում, քանի որ, օգտվելով ադմինսիտրատորների վրա հարձակումներից, վերացվում են նաեւ նրանց կողմից տնօրինվող բիզնես էջերը, ինչը պատճառում է նաեւ լուրջ տնտեսական վնաս։

Ֆիշինգ


Ֆիշինգը մնում է հիմնական վտանգներից մեկը։ Ինչպես ասվեց, ադրբեջանական հաքերները հիմնականում հենց ֆիշինգային հարձակումներ են իրականացնում հայաստանյան օգտատերերի դեմ։ Բացի դրանից շատ տարածված են չթիրախավորված ֆիշինգային հարձակումների զոհերը։ Բազմաթիվ օգտատերեր հավատում են, որ շահել են սմարթֆոն եւ մուտքագրում են բանկային քարտի տվյալներ եւ այլն։ Ֆիշինգի ոլորտում նույնպես կա զարգացում․ հայտնվել են հենց հայաստանցիներին թիրախավորող արշավներ։ Այսպես, դեկտեմբերին միանգամից երեք բբջային օպերատորները հայտարարեցին, որ իրենց անունից գովազդային արշավներ են իրականացվում, կեղծ մրցույթի միջոցով մարդկանցից կորզվում են անձնական տվյալներ։ Սա նոր զարգացումներ են Հայաստանի համար։


Ով կարո՞ղ է ձեզ գաղտնալսել եւ ինչ անել

Գաղտնալսման թեման Հայաստանում շատ
ակտուալ է․ երբ գաղտնալսում են հենց
գլխավոր գաղտնալսողին, պարզ է, որ առնվազն տեսականորեն վտանգը այդքան էլ
տեսական չէ։ Իսկ եթե գործ ունես լրագրողական գործունեության հետ, ապա հասկանալի է,
որ կարող ես լինել ավելի հավանական թիրախ, քան հասարակ քաղաքացին։ Եվ որպես
լրագրող ունես տեղեկատվութունը պաշտպանելու խնդիր։ Չնայած, սա վերաբերում է
բոլորիս։


Ո՞վ կարող է գաղտնալսել


Որ մարմինները, ընդհանրապես, իրավունք ունեն իրականացնել ՀՀ֊ում
օպերատիվ-հետախուզական գործունեությունմ, որի մի մասը հենց կազմում է գաղտնալսումը։




Օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում լայն իմաստով
օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն`
1) ոստիկանությունը.
1.1) ռազմական ոստիկանությունը.
2) ազգային անվտանգության մարմինները.
3) հարկային մարմինները.
4) մաքսային մարմինները` մաքսանենգության և այլ հանցագործությունների խափանման ու
բացահայտման նպատակով.
5) քրեակատարողական ծառայությունը` միայն քրեակատարողական հիմնարկներում:
Սակայն բուն գաղտնալսողների ցանկը սահմանափակվում է ԱԱԾ֊ով ու Ոստիկանությունով։

Ինչպես ասաց փաստաբան Արա Ղազարյանը, Ոստիկանությունում կա հատուկ օպերատիվ
բաժին, որը միայն կարող է իրականացնել գաղտնալսում։ Իհարկե, միայն դատարանի
որոշումով։ Ոստիկանությունը օգտվում է ԱԱԾ֊ի ենթակառուցվածքներից։ (Ըստ օրենքի,
միայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական
մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը)


ԱՆշուշտ, այստեղ կա մեծ խնդիր։ Փաստացի, ԱԱԾ֊ն անընդհատ ներգրավված է ոչ
միայն հետախուզական, այլ նաեւ հետաքննական գործընթացների մեջ, եւ ոստիկանների
կողմից իրականացվող օպերատիվ աշխատանքների ընթացքում իրականացվող
գաղտնալսումները հասանելի են նաեւ Ազգային անվտանգությանը։ Ինչը դարձնում է
ԱԱԾ֊ն շատ ավելի ազդեցիկ մարմին։ Ընդ որում, դրա գործառույթներից ելնելով,
հետաքննական գործությեության ընթացքում իրականացվողն էլ է ընկնում գաղտնիության
տակ եւ մնում է անվերահսկելի հասարակության կողմից։

Ի՞նչ են մտածում խմբագիրները


«Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանի մոտեցումը այնպիսին է,
որ ընդհանուր առմամբ զգուշությունը լրագրողի համար լավ բան է, սակայն հիմա ինքը
վտանգ չի տեսնում․ «Գաղտնալսման ենթարկվելու հատուկ մտավախություն չունեմ:
Միաժամանակ, կարծում եմ, որ բոլոր ժամանակներում եւ բոլոր երկրներում լրագրողները
փորձում են զգայուն թեմաների մասին հեռախոսով չխոսել՝ հնարավոր ռիսկերից խուսափելու
համար: Բայց, կրկնեմ, որեւէ պատճառ չեմ տեսնում կարծելու, որ այսօր Հայաստանում
հնարավոր գաղտնալսման թեման առավել արդիական է դարձել»:


Ըստ iLur.am խմբագրի Քրսիտինե Խանումյանի, խնդիրը նաեւ նրանում է, որ ոչ միայն
պետական մարմինները կարող են գաղտնալսել․ « Նորմա՞լ է «գաղտնալսվելը»: Ոչ:
Դա պետք է տեղի ունենա միայն ծայրահեղ դեպքերում՝ միայն պետական անվտանգությանն
առնչվող հարցերի շրջանակում: Ոչ թե մտացածին, այլ՝ իրական: Մնացած բոլոր դեպքերում
գաղտնալսումը հանցագործություն է եւ անթույլատրելի: Առավել դատապարտելի է, երբ
պետության մեջ գաղտնալսելու հնարավորություն է ունենում մասնավոր անձը: Այսինքն,
հարցն անգամ քննարկման ենթակա չէ: Դա հանցանք ու ճնշում է, եւ վերջ:
Իսկ իրավական ու բովանդակային տեսանկյունից դուրս, զուտ տեխնիկական առումով
անձամբ իմ լրագրողական գործունեության համար գաղտնալսումը խոչընդոտ չի եղել,
քանի որ այսպես ասած «ինչ խոսել եմ հեռախոսով, այդ ամենը հետո գրել եմ նյութերիս մեջ»:
Ի դեպ, սա ասում եմ որպես մարդ, ում տարիներով գաղտնալսել են: 2008 թվականին
գաղտնալսման պատճառով իմ հեռախոսը ամիսներով չի անջատվել, չնայած, որ ես մի
քանի ամիս միտումնավոր չեմ վճարել հեռախոսային խոսակցություններիս համար:
Ամիսներ անց այդ ամբողջ ամիսների պարտքը ստիպված եմ եղել միանգամից վճարել:
Այսինքն՝ գաղտնալսեն, թե ոչ՝ ես իմ գործը անում եմ:
Բայց կարծում եմ՝ կգտնվեն լրագրողներ, որոնց պարագայում այդ գաղտնալսումները
կարող են դառնալ հետագա շանտաժի եւ լրագրողական գործունեությունը սահմանափակելու
միջոց: Այսինքն, եթե լրագրողի ինչ-ինչ խոսակցություններ այլ անձանց տրամադրության
տակ չհայտնվեին եւ չդառնային ճնշման միջոց, նա կարող էր ավելի ազատ լիներ իր
մասնագիտական գործունեության մեջ»:


Լրագրողները, իմ փորձից ասեմ, որպես մարդ, որը բազմաթիվ թրեյնինգներ է անցկացրել,
Հայաստանում բավականին քիչ են մտահոգվում անվտանգության թեմաներով։ Սակայն,
ինչպես ասվում է․ եթե դու պարանոյիկ ես, դա դեռ չի նշանակում, որ քեզ չեն հետեւում։
Այնպես որ, արժի մի քանի բան հաշվի առնել, որպեսզի պաշտպանվել նույնիսկ տեսական
գաղտնալսումից։ Առավելեւս, որ լրագրողը անընդհատ աշխատում է գաղտնի աղբյուրների
հետ, եւ հենց աղբյուրների պաշտպանությունը պետք է մոտիվացնի նրան ավելի զգուշավոր
լինել կոմւնիկացվելուց։


Ինչպե՞ս խուսափել գաղտնալսումից



Այսպիսով․ ինչպես խուսափել գաղտնալսումներից։ Մի քանի կետով մի քանի խորհուրդ․


ա․ Պետք է ապրել կանխավարկածով, որ GSM կապը, այսինքն, բջջային հեռախոսակապը եւ
SMS֊ները, հուսալի չեն։


բ․  Օգտագործելով սարքից սարք գաղտնագրում (end-to-end encryption) կիրառող
մեսենջերները՝ դուք դարձնում եք անմիջական գաղտնալսումը գրեթե անհնարին
(առնվազն տեղական հատուկ ծառայությունների համար)։ Բացի դրանից, ձեր գրառումները
եւ խոսակցությունները հասանելի չեն բաց տեսքով նաեւ հենց այդ ծառայությունները
տրամադրող կազմակերպություններին։ Այսինքն, իրենց սերվերներից նույնպես արտահոսք
լինել չի կարող։ Նման գաղտնագրում օգտագործվում է Facebook Messenger֊ում, եթե
միացնում եք secret conversation, Viber֊ում, WhatsApp֊ում, Telegram֊ում, եթե միացնում եք
secret chat, Signal֊ում: Signal֊ը նաեւ բաց կոդերով ծրագիր է, այսինքն, կարող եք համոզված լինել, որ մեջը արտադրողի կողմից ներդրում արված չէ։ Մնացած մեսենջերները կարող են պարունակել ներքին խոցելիություններ, որոնց մասին մենք կարող ենք իմանալ միայն տարիներ անց։ Այնպես որ, գերադասելի է օգտվել Սիգնալից։ 


Գ․ Եթե խոսքը գնում է գրավոր գաղտնի տեղեկատվության մասին, ապա գերադասելի է
այն ոչնչացնել երկու հեռախոսների վրա։ Քանի որ միշտ չէ, որ դուք կարող եք համոզված
լինել, որ ձեր զրուցակիցը չի մոռանա հեռացնել իր սարքից տեղեկատվությունը, ապա
միացրեք խոսակցության ինքնաոչնչացումը Messenger֊ում, Telegram֊ում եւ այլն,
WhatsApp֊ում ավարտից հետո կարող եք երկկողմանի ջնջել հաղորդագրությունները։


դ․  եթե դուք անհատական լուրջ թիրախ եք, ապա պետք է ուշադրություն դարձնեք նաեւ բուն
հեռախոսի պաշտպանությանը։ Հատուկ ծառայությունները աշխարհում իրականացնում են
նաեւ հարձակումներ հենց սարքերի վրա։ Հաճախ, եթե իրենք այդ հնարավորությունները
տեխնիկապես չունեն, ապա վարձում են մասնագետների, որոնք գոյություն ունեն
միջազգային շուկայում։ Հայաստանի ուժային կառույցների կողմից նման սցենարների
իրականացման մասին մենք տեղեկատվություն չունենք։ Սակայն, օրինակ, Ադրբեջանը
միջազգային շուկայից նման գնումներ իրականացնում է։ Եվ հայաստանյան լրագրողը
տեսականորեն կարող է դառնալ թիրախ ադրբեջանական հատուկ ծառայությունների
համար։ Այս դեպքում, եթե սմարթֆոն եք կրում,  առնվազն պետք է խուսափել
ոչ֊պաշտոնական տեղերից ներբեռնել հավելվածներ եւ ունենալ միշտ թարմացվող
օպերացիոն համակարգով հեռախոս։ Այսինքն, ունենալ թարմացվող iPhone։ Կամ, եթե
Android հեռախոս եք կրում, այն պետք է նույնպես թարմացվող լինի, ինչը այս դեպքում
ավելի բարդ է։ Քանի որ արտադրողների մեծ մասը բավականին շուտ դադադրեցնում
են սմարթֆոնների սպասարկումը։ Այդ իսկ պատճառով գերադասելի է ունենալ «մաքուր»
Անդրոյիդով հեռախոս, որը ամիսը մեկ ստանում է անվտանգության թարմացումներըւ։
Նման հեռախոսների ցանկը կարելի է գտնել այստեղ։


Ե․ Եթե դուք համարում եք, որ այնքան լուրջ թիրախ եք, որ ձեր հետեւից ընկած է մի ողջ
օպերատիվ խումբ, ապա հարկավոր է դադադրել կարդալ այս հոդվածը եւ շաատ ավելի
լուրջ մտահոգվել ձեր անվտանգության հարցերով, քանի որ միայն վերոհիշյալ կետերը
ձեր համար խաղալիք են։


Հավելված.




Հոդված 8.
Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները
1. Օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում
օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն`
1) ոստիկանությունը.
1.1) ռազմական ոստիկանությունը.
2) ազգային անվտանգության մարմինները.
3) հարկային մարմինները.
4) մաքսային մարմինները` մաքսանենգության և այլ հանցագործությունների խափանման
ու բացահայտման նպատակով.
5) քրեակատարողական ծառայությունը` միայն քրեակատարողական հիմնարկներում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմիններն իրենց կառուցվածքում պետք է
ունենան համապատասխան ստորաբաժանումներ, որոնց վրա է դրված
օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը: Այդ ստորաբաժանումների
կառուցվածքը, ենթակայությունը, ինչպես նաև աշխատանքի կազմակերպման և
օպերատիվ-հետախուզական միջոցառումների փաստաթղթավորման կարգը սահմանում է
օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը:
3. Օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցներն իրենց գործունեությունն
իրականացնելիս ղեկավարվում են օրենքով և ենթարկվում իրենց անմիջական ղեկավարին:
Հրաման կամ ցուցում ստանալու դեպքում օպերատիվ ստորաբաժանման աշխատակիցը
պարտավոր է ստացած հրամանի կամ ցուցումի օրինականության վերաբերյալ իր
կասկածների մասին անհապաղ գրավոր զեկուցել հրամանը կամ ցուցումը տվողին կամ նրա
վերադասին կամ նրանց փոխարինող անձին: Եթե ցուցում տվողը գրավոր հաստատում է
տրված հրամանը կամ ցուցումը, ապա օպերատիվ ստորաբաժանման աշխատակիցը
պարտավոր է դա կատարել, բացառությամբ, եթե դա կհանգեցնի օրենքով սահմանված
քրեական պատասխանատվության: Օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի կողմից
այդ հրամանի կամ ցուցումի կատարման համար պատասխանատվությունը կրում է դրանք
գրավոր հաստատած անձը:
4. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների
աշխատակիցները կարող են համատեղ ընդունված գերատեսչական նորմատիվ իրավական
ակտերով սահմանված կարգով համագործակցել սույն օրենքով նախատեսված
օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելիս:
5. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները
ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներից:


Հոդված 9. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական
մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը

(վերնագիրը խմբ. 08.04.09 ՀՕ-87-Ն)



1. Սույն օրենքով նախատեսված հեռախոսային խոսակցությունների վերահսկում
օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում է միայն
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական
մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը
(այսուհետ` Գլխավոր վարչություն) այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումն
իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների միջնորդության հիման վրա`
սույն օրենքով սահմանված կարգով:

2. Գլխավոր վարչության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի
Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարը:
Գլխավոր վարչության անմիջական ղեկավարումն իրականացնում է Գլխավոր վարչության
պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը` Հայաստանի
Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարի
ներկայացմամբ: Գլխավոր վարչության պետի պաշտոնն ազգային անվտանգության
մարմիններում ծառայողների գլխավոր խմբի պաշտոն է:

3. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-270-Ն)

4. Գլխավոր վարչությունը հեռահաղորդակցության օպերատորի մոտ ապահովում է
համապատասխան օպերատիվ-տեխնիկական անհրաժեշտ պայմաններ` սույն
օրենքով լիազորված մարմինների կողմից հեռախոսային խոսակցությունների վերահսկում
օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու համար:



Գրառումը պատրաստվել է Շվեդիայի եւ Internews (Audience understanding and digital support ծրագրի ) ֆինասնական աջակցությամբԼ Տվյալ հրապարակումը արտահայտում է միայն հեղինակի կարծիքները։

Ինչ անել խմբագրությանը, եթե առգրավվել է տեխնիկան․ մի քանի գործնական խորհուրդ



Սեպտեմբերի 17֊ին ուժայինների իրականացրեցին խուզատկություն Yerevan Today լրատվականի խմբագրությունում, եւ առգրավեցին համակարգիչների կոշտ սկավառակները։ Դեպքը, ըստ ուժայինները, կապ ուներ Վանեցյան ֊ Խաչատրյան գաղտնալսման հետ։ Այսինքն, ներկայացվեց, որ հիմքում քաղաքական պատճառ չկա։ Սակայն բացատրությունների հիմքում ընկած է ակընհայտ տարօրինակ պատճառ․ որ Գուգլի բոտը ինչ-որ ուրիշ օր է գրել։


Ինչեւէ, այս դեպքի հետ կապված մի քանի խնդիր կա․


Տեխնիկայի առգրավումը խմբագրություններից Հայաստանում չի եղել վաղ իննսունականներից։ Սա վատ նախադեպ է, նույնիսկ հաշվի առնելով հանգամանքները։


Իրավապաշտպան կազմակերպությունները բավականին ուշ եւ ոչ շատ բուռն արտահայտվեցին դեպքի կապակցությամբ։ Ինչը ունի իր պատճառները, երկրում տեղեկատվական պատերազմի նման մի բան է ընթանում, եւ տվյալ խմբագրականը շատերի կողմից դիտարկվում է ոչ միայն որպես լրատվամիջոց, այլ նաեւ պայքարի մի կողմ;


Բայց սա կոնկրետ դեպքի վերաբերող նկատառումներ են։ Կա ավելի ընդհանուր մի խնդիր․ այսօր խմբագրությունները նախօրոք պատրաստ չեն նման դեպքերին։ Տեխնկայի առգրավումը ուժայինների կողմից, կամ, օրինակ, հափշտակումը ինչ-որ մի նենգ կազմակերպության կողմից, որի մասին լրատվականը իրականացնում է հետաքննություն, կարող է ունենալ լուրջ հետեւանքներ․ որոնք շատ դեպքերում չեն գիտակցվում։


Նման վտանգների մասին փորձեցի խոսել մի քանի ազզդեցիկ եւ տարբեր ուղղվածություններ ունեցող ԶԼՄ-ների խմբագրերի հետ։

© Vasya Lojhkin


«Հետք»֊ի տնօրեն Քրիստինե Բարսեղյանի հետ էի խոսում այս դեպքի մասին։ Ինքը, անկասկած,  վտանգ չի զգում, որ կարող է հանդիպել առգրավմանը հիմա, բայց «ապագայում ամեն ինչ է հնարավոր է, նենց որ պատրաստ պետք է լինել»։ Առավելեւս, որ վրանգը, իսկապես, ոչ միայն իշխանություններից է գաիս․ սկսած հասարակ գողեիրց, վերջացրած ինչ֊որ մի նենգ օլիգարխիկ կազմակերպությունով։


«Առավոտ»֊ի խմբագիր Աննան Իսրայելյան հաստատ համոզված չէ․ արդյո՞ք վտանգ կա, թե ոչ: Ինչ իմանաս, թե իրավապահների մտքին ինչ կա։ «Ու մեկ էլ չեմ պատկերացնում, թե արդյոք հնարավոր է նախօրոք պաշտպանվել: Կարող է իրենք ավելի լավ մասնագետներ ունեն, որ կարող են կոտրել մեր պաշտպանությունը։ Եթե պաշտպանությունը հնարավոր է, այո, անպայման պետք է իմանալ դրա ձեւերը: »


Սաթիկը Սեյրանյան, «168 Ժամ»֊ի խմբագիր, Ժուռնալիստների միության ղեկավարը շատ ավելի մտահոգված է․ «Իհարկե, վտանգ բոլորն են զգում, որ ցանկացած առիթ կօգտագործվի ու խմբագրություններ կմտնեն, տեխնիկա կառգրավեն, «ինչ-որ բաներ կհայտնաբերեն», ազգի թշնամի կհանեն...Ասեմ ավելին, դրա վտանգը կա հատկապես ընտրություններից հետո, երբ իշխանությունները արդեն հանգիստ կլինեն իրենց գործողությունների մեջ՝ այլևս ժողովրդի ձայնի, քվեարկության ակնկալիք չեն ունենա, ոտքները ամրապնդած կլինեն որպես իշխանություն: Որովհետև սենց անհանդուրժողականություն ազատ խոսքի, այլակարծության հանդեպ չի եղել: Առաջ, իհարկե, իննսունականներին խմբագրություններ են վառել, փակել, ջարդել, բայց գոնե իմացել ենք վտանգը որտեղից ու կոնկրետ անողերին ենք իմացել: Հետո էլ են եղել, վերջին տասնհինգ տարիներին՝ խմբագրությունների դեմ հարձակումներ, բայց հետո պարզվել ա, որ տվյալ լրատվամիջոցի ու օլիգարխի մեջ ա խնդիր էղել, որովհետև միմյանց միջև պայմանավորվածություններ են խախտվել... Հիմա բոլորս ահավոր զգուշավոր ենք դարձել՝ գաղտնալսումների /առավել ևս եթե ԱԱԾ պետին են գաղտնալսում, ուրեմն ում ինչ ուզեն կասեն, կանեն/, խմբագրություններում տեղադրված սարքերի առումով վախեր կան... Ավելին, քաղաքական, տնտեսական -հասարակական գործիչներն էլ են վախենում ոչ միայն հեռախոսով որևէ բան խոսելուց, այլև նույնիսկ տետ-ա-տետ խոսելուց»:


PanARMENIAN.Net գլխավոր խմբագիր Նիկոլայ Թորոսյանի այքան մտահոգված չէ, բայց տեսնում է պատճառներ կանխարգելիչ գործողությունների համար․ «Կարծում եմ, Yerevan.today-ի խմբագրության խուզարկումը քննիչների, մեղմ ասած, շտապողականության հետևանք էր, երբ վերջիններս գործողություններ իրականացրին խմբագրությունում՝ հիմք ընդունելով ընդամենը գուգլից արված ամսաթվի սքրինշոթ, ինչն, իր հերթին, կարող էր բացատրվել որևէ բագով։ Հակված չեմ մտածել, որ սա գործելաոճ կդառնա, սակայն հաշվի առնելով, որ ուժայինների կողմից դեպքի առնչությամբ չեն տրվել բավարար բացատրություններ, բացառել նման դեպքերը ևս չէի շտապի։ Ընդհանրապես կարծում եմ, որ պետության «բարի կամքի» հույսին այս հարցում մնալ չարժե, ու համապատասխան գիտելիքներ ձեռք բերել չի խանգարի։ Հատկապես հաշվի առնելով, որ միայն պետությունը չէ, որ կարող է հետաքրքրված լինել մեր համակարգիչների պարունակությամբ»։


Իսկ հիմա անցնենք բուն կիրառական մասին։


Ո՞րն են տեխնիկայի կորուստը հիմնական վտանգները։ Առաջինն այն է, որ կարող է փակ տեղեկատվության արտահոսք լինել։ Օրինակ, կբացահայտվեն եւ վտանգի տակ կհայտնվեն լրագրողների փակ աղբյուրները։ Մյուս խնդիրը՝ տվյալների ժամանակավոր կամ վերջնական կորուստն է, ինչը կարող է խաթարել խմբագրության աշխատանքը։


Ի՞նչ անել։ Պատրաստվել նման դեպքերին նախօրոգ։


Ինչպե՞ս պաշտպանվել տվյալների արտահոսքից նման դեպքերում։ Խմբագրության ՏՏ մասնագետին արժի խնդրել իրականացնել հետեւյալ քայլերը (լավ կլինի, որ դա անի մասնագետ, որ հետո տեխնիկական խնդիրների արջեւ չկանգնեք։ Բայց, եթե նման մասնագետ չկա այս պահին, դանդաղ, առանց շտապելու սա կարող է անել նաեւ կիրթ ոչ-մասնագետը)


Առաջինը․ կարեւոր ֆայլերը, կոշտ սկավառակները, կրիչները պետք է գազտնագրվեն։ Այդ դեպքում նույնիսկ եթե համակարգիչը հայտնվի մեկ ուրիշի ձեռքերում, հնարավոր չի լինի ստանալ մուտք դեպի տվյալները։ Դուք կարող եք օգրվել հենց Windows ներդրված BitLocker ծրագրից, որի մանրամասն ներդրման քայլերը ներկայացված են տվյալ տեսանյութում ֊






Հաշվի առեք, որ սա աշխատում է Professional, Enterprise Վինդոուզի տարբերակներում։ Կարելի է կիրառել Veracrypt անվճար ծրագիրը, որը աշխատում է նաեւ MacOS, Linux օպերացիոն համակարգերի վրա։ Ինչն է կարեւոր․ այս ծրագրի միջոցով կարելի է ստեղծել գաղտնագրված տիրույթ, որը նաեւ թաքնված է, չիմացող մարդը նույնիսկ չի իմանա գաղտնագրված ֆայլերի գոյության մասին․ Մանրամասն ֊ այստեղ
կամ այստեղ․





Տեղեկատվության պաշտպանությունից բացի խմբագրությունը առգրավման դեպքում ունենում է այլ խնդիր․ աշխատանքի շարունակականության ապահովումը։ Տվյալ դեպքում ամենամեծ խնդիրը դա լրատվականի աշխատանքային ֆայլերի եւ արխիվների կորուստն է։ Այս խնդիրը իրականում ոչ միայն առգրավման հետ է կապված, ֆայլերը կարող են պարզապես փչանալ համակարգչի հետ, կամ գաղտնագրվեն կրիպտովիրուսների պատճառով։ Այդ իսկ պատճոռով, գերադասելի է կարեւոր ֆայլերը ունենալ երեք տարբերակով։ Օրինակ, պահել արտաքին կոշտ սկավառակների կամ ֆլեշլաների վրա։ Նաեւ լավ լուծում է ունենալ մեկ պահեստային տարբերակ ամպային պահեստում, օրինակ, Google Drive: Այդ դեպքում, խմբագրությունը շատ հեշտ վերականգնում է իր աշխատանքը, քանի որ ֆայլերը հասանելի են լինում լրագրողներին ցանցով։ Հասկանալի է, որ բոլոր ամպային պահեստից օգտվող լրագրողների մոտ պետք է միացված լինի երկփուլային մոիտքի տարբերակը։

Գրառումը պատրաստվել է Շվեդիայի եւ Internews (Audience understanding and digital support ծրագրի )  ֆինասնական աջակցությամբԼ Տվյալ հրապարակումը արտահայտում է միայն հեղինակի կարծիքները։ 

Scam, ֆինանսների նախարարության անունից

 Տարածվում է Ֆեյսբուքում, գովազդի միջոցով