Mastodon

Ով կարո՞ղ է ձեզ գաղտնալսել եւ ինչ անել

Գաղտնալսման թեման Հայաստանում շատ
ակտուալ է․ երբ գաղտնալսում են հենց
գլխավոր գաղտնալսողին, պարզ է, որ առնվազն տեսականորեն վտանգը այդքան էլ
տեսական չէ։ Իսկ եթե գործ ունես լրագրողական գործունեության հետ, ապա հասկանալի է,
որ կարող ես լինել ավելի հավանական թիրախ, քան հասարակ քաղաքացին։ Եվ որպես
լրագրող ունես տեղեկատվութունը պաշտպանելու խնդիր։ Չնայած, սա վերաբերում է
բոլորիս։


Ո՞վ կարող է գաղտնալսել


Որ մարմինները, ընդհանրապես, իրավունք ունեն իրականացնել ՀՀ֊ում
օպերատիվ-հետախուզական գործունեությունմ, որի մի մասը հենց կազմում է գաղտնալսումը։




Օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում լայն իմաստով
օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն`
1) ոստիկանությունը.
1.1) ռազմական ոստիկանությունը.
2) ազգային անվտանգության մարմինները.
3) հարկային մարմինները.
4) մաքսային մարմինները` մաքսանենգության և այլ հանցագործությունների խափանման ու
բացահայտման նպատակով.
5) քրեակատարողական ծառայությունը` միայն քրեակատարողական հիմնարկներում:
Սակայն բուն գաղտնալսողների ցանկը սահմանափակվում է ԱԱԾ֊ով ու Ոստիկանությունով։

Ինչպես ասաց փաստաբան Արա Ղազարյանը, Ոստիկանությունում կա հատուկ օպերատիվ
բաժին, որը միայն կարող է իրականացնել գաղտնալսում։ Իհարկե, միայն դատարանի
որոշումով։ Ոստիկանությունը օգտվում է ԱԱԾ֊ի ենթակառուցվածքներից։ (Ըստ օրենքի,
միայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական
մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը)


ԱՆշուշտ, այստեղ կա մեծ խնդիր։ Փաստացի, ԱԱԾ֊ն անընդհատ ներգրավված է ոչ
միայն հետախուզական, այլ նաեւ հետաքննական գործընթացների մեջ, եւ ոստիկանների
կողմից իրականացվող օպերատիվ աշխատանքների ընթացքում իրականացվող
գաղտնալսումները հասանելի են նաեւ Ազգային անվտանգությանը։ Ինչը դարձնում է
ԱԱԾ֊ն շատ ավելի ազդեցիկ մարմին։ Ընդ որում, դրա գործառույթներից ելնելով,
հետաքննական գործությեության ընթացքում իրականացվողն էլ է ընկնում գաղտնիության
տակ եւ մնում է անվերահսկելի հասարակության կողմից։

Ի՞նչ են մտածում խմբագիրները


«Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանի մոտեցումը այնպիսին է,
որ ընդհանուր առմամբ զգուշությունը լրագրողի համար լավ բան է, սակայն հիմա ինքը
վտանգ չի տեսնում․ «Գաղտնալսման ենթարկվելու հատուկ մտավախություն չունեմ:
Միաժամանակ, կարծում եմ, որ բոլոր ժամանակներում եւ բոլոր երկրներում լրագրողները
փորձում են զգայուն թեմաների մասին հեռախոսով չխոսել՝ հնարավոր ռիսկերից խուսափելու
համար: Բայց, կրկնեմ, որեւէ պատճառ չեմ տեսնում կարծելու, որ այսօր Հայաստանում
հնարավոր գաղտնալսման թեման առավել արդիական է դարձել»:


Ըստ iLur.am խմբագրի Քրսիտինե Խանումյանի, խնդիրը նաեւ նրանում է, որ ոչ միայն
պետական մարմինները կարող են գաղտնալսել․ « Նորմա՞լ է «գաղտնալսվելը»: Ոչ:
Դա պետք է տեղի ունենա միայն ծայրահեղ դեպքերում՝ միայն պետական անվտանգությանն
առնչվող հարցերի շրջանակում: Ոչ թե մտացածին, այլ՝ իրական: Մնացած բոլոր դեպքերում
գաղտնալսումը հանցագործություն է եւ անթույլատրելի: Առավել դատապարտելի է, երբ
պետության մեջ գաղտնալսելու հնարավորություն է ունենում մասնավոր անձը: Այսինքն,
հարցն անգամ քննարկման ենթակա չէ: Դա հանցանք ու ճնշում է, եւ վերջ:
Իսկ իրավական ու բովանդակային տեսանկյունից դուրս, զուտ տեխնիկական առումով
անձամբ իմ լրագրողական գործունեության համար գաղտնալսումը խոչընդոտ չի եղել,
քանի որ այսպես ասած «ինչ խոսել եմ հեռախոսով, այդ ամենը հետո գրել եմ նյութերիս մեջ»:
Ի դեպ, սա ասում եմ որպես մարդ, ում տարիներով գաղտնալսել են: 2008 թվականին
գաղտնալսման պատճառով իմ հեռախոսը ամիսներով չի անջատվել, չնայած, որ ես մի
քանի ամիս միտումնավոր չեմ վճարել հեռախոսային խոսակցություններիս համար:
Ամիսներ անց այդ ամբողջ ամիսների պարտքը ստիպված եմ եղել միանգամից վճարել:
Այսինքն՝ գաղտնալսեն, թե ոչ՝ ես իմ գործը անում եմ:
Բայց կարծում եմ՝ կգտնվեն լրագրողներ, որոնց պարագայում այդ գաղտնալսումները
կարող են դառնալ հետագա շանտաժի եւ լրագրողական գործունեությունը սահմանափակելու
միջոց: Այսինքն, եթե լրագրողի ինչ-ինչ խոսակցություններ այլ անձանց տրամադրության
տակ չհայտնվեին եւ չդառնային ճնշման միջոց, նա կարող էր ավելի ազատ լիներ իր
մասնագիտական գործունեության մեջ»:


Լրագրողները, իմ փորձից ասեմ, որպես մարդ, որը բազմաթիվ թրեյնինգներ է անցկացրել,
Հայաստանում բավականին քիչ են մտահոգվում անվտանգության թեմաներով։ Սակայն,
ինչպես ասվում է․ եթե դու պարանոյիկ ես, դա դեռ չի նշանակում, որ քեզ չեն հետեւում։
Այնպես որ, արժի մի քանի բան հաշվի առնել, որպեսզի պաշտպանվել նույնիսկ տեսական
գաղտնալսումից։ Առավելեւս, որ լրագրողը անընդհատ աշխատում է գաղտնի աղբյուրների
հետ, եւ հենց աղբյուրների պաշտպանությունը պետք է մոտիվացնի նրան ավելի զգուշավոր
լինել կոմւնիկացվելուց։


Ինչպե՞ս խուսափել գաղտնալսումից



Այսպիսով․ ինչպես խուսափել գաղտնալսումներից։ Մի քանի կետով մի քանի խորհուրդ․


ա․ Պետք է ապրել կանխավարկածով, որ GSM կապը, այսինքն, բջջային հեռախոսակապը եւ
SMS֊ները, հուսալի չեն։


բ․  Օգտագործելով սարքից սարք գաղտնագրում (end-to-end encryption) կիրառող
մեսենջերները՝ դուք դարձնում եք անմիջական գաղտնալսումը գրեթե անհնարին
(առնվազն տեղական հատուկ ծառայությունների համար)։ Բացի դրանից, ձեր գրառումները
եւ խոսակցությունները հասանելի չեն բաց տեսքով նաեւ հենց այդ ծառայությունները
տրամադրող կազմակերպություններին։ Այսինքն, իրենց սերվերներից նույնպես արտահոսք
լինել չի կարող։ Նման գաղտնագրում օգտագործվում է Facebook Messenger֊ում, եթե
միացնում եք secret conversation, Viber֊ում, WhatsApp֊ում, Telegram֊ում, եթե միացնում եք
secret chat, Signal֊ում: Signal֊ը նաեւ բաց կոդերով ծրագիր է, այսինքն, կարող եք համոզված լինել, որ մեջը արտադրողի կողմից ներդրում արված չէ։ Մնացած մեսենջերները կարող են պարունակել ներքին խոցելիություններ, որոնց մասին մենք կարող ենք իմանալ միայն տարիներ անց։ Այնպես որ, գերադասելի է օգտվել Սիգնալից։ 


Գ․ Եթե խոսքը գնում է գրավոր գաղտնի տեղեկատվության մասին, ապա գերադասելի է
այն ոչնչացնել երկու հեռախոսների վրա։ Քանի որ միշտ չէ, որ դուք կարող եք համոզված
լինել, որ ձեր զրուցակիցը չի մոռանա հեռացնել իր սարքից տեղեկատվությունը, ապա
միացրեք խոսակցության ինքնաոչնչացումը Messenger֊ում, Telegram֊ում եւ այլն,
WhatsApp֊ում ավարտից հետո կարող եք երկկողմանի ջնջել հաղորդագրությունները։


դ․  եթե դուք անհատական լուրջ թիրախ եք, ապա պետք է ուշադրություն դարձնեք նաեւ բուն
հեռախոսի պաշտպանությանը։ Հատուկ ծառայությունները աշխարհում իրականացնում են
նաեւ հարձակումներ հենց սարքերի վրա։ Հաճախ, եթե իրենք այդ հնարավորությունները
տեխնիկապես չունեն, ապա վարձում են մասնագետների, որոնք գոյություն ունեն
միջազգային շուկայում։ Հայաստանի ուժային կառույցների կողմից նման սցենարների
իրականացման մասին մենք տեղեկատվություն չունենք։ Սակայն, օրինակ, Ադրբեջանը
միջազգային շուկայից նման գնումներ իրականացնում է։ Եվ հայաստանյան լրագրողը
տեսականորեն կարող է դառնալ թիրախ ադրբեջանական հատուկ ծառայությունների
համար։ Այս դեպքում, եթե սմարթֆոն եք կրում,  առնվազն պետք է խուսափել
ոչ֊պաշտոնական տեղերից ներբեռնել հավելվածներ եւ ունենալ միշտ թարմացվող
օպերացիոն համակարգով հեռախոս։ Այսինքն, ունենալ թարմացվող iPhone։ Կամ, եթե
Android հեռախոս եք կրում, այն պետք է նույնպես թարմացվող լինի, ինչը այս դեպքում
ավելի բարդ է։ Քանի որ արտադրողների մեծ մասը բավականին շուտ դադադրեցնում
են սմարթֆոնների սպասարկումը։ Այդ իսկ պատճառով գերադասելի է ունենալ «մաքուր»
Անդրոյիդով հեռախոս, որը ամիսը մեկ ստանում է անվտանգության թարմացումներըւ։
Նման հեռախոսների ցանկը կարելի է գտնել այստեղ։


Ե․ Եթե դուք համարում եք, որ այնքան լուրջ թիրախ եք, որ ձեր հետեւից ընկած է մի ողջ
օպերատիվ խումբ, ապա հարկավոր է դադադրել կարդալ այս հոդվածը եւ շաատ ավելի
լուրջ մտահոգվել ձեր անվտանգության հարցերով, քանի որ միայն վերոհիշյալ կետերը
ձեր համար խաղալիք են։


Հավելված.




Հոդված 8.
Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները
1. Օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում
օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն`
1) ոստիկանությունը.
1.1) ռազմական ոստիկանությունը.
2) ազգային անվտանգության մարմինները.
3) հարկային մարմինները.
4) մաքսային մարմինները` մաքսանենգության և այլ հանցագործությունների խափանման
ու բացահայտման նպատակով.
5) քրեակատարողական ծառայությունը` միայն քրեակատարողական հիմնարկներում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմիններն իրենց կառուցվածքում պետք է
ունենան համապատասխան ստորաբաժանումներ, որոնց վրա է դրված
օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը: Այդ ստորաբաժանումների
կառուցվածքը, ենթակայությունը, ինչպես նաև աշխատանքի կազմակերպման և
օպերատիվ-հետախուզական միջոցառումների փաստաթղթավորման կարգը սահմանում է
օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը:
3. Օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցներն իրենց գործունեությունն
իրականացնելիս ղեկավարվում են օրենքով և ենթարկվում իրենց անմիջական ղեկավարին:
Հրաման կամ ցուցում ստանալու դեպքում օպերատիվ ստորաբաժանման աշխատակիցը
պարտավոր է ստացած հրամանի կամ ցուցումի օրինականության վերաբերյալ իր
կասկածների մասին անհապաղ գրավոր զեկուցել հրամանը կամ ցուցումը տվողին կամ նրա
վերադասին կամ նրանց փոխարինող անձին: Եթե ցուցում տվողը գրավոր հաստատում է
տրված հրամանը կամ ցուցումը, ապա օպերատիվ ստորաբաժանման աշխատակիցը
պարտավոր է դա կատարել, բացառությամբ, եթե դա կհանգեցնի օրենքով սահմանված
քրեական պատասխանատվության: Օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի կողմից
այդ հրամանի կամ ցուցումի կատարման համար պատասխանատվությունը կրում է դրանք
գրավոր հաստատած անձը:
4. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների
աշխատակիցները կարող են համատեղ ընդունված գերատեսչական նորմատիվ իրավական
ակտերով սահմանված կարգով համագործակցել սույն օրենքով նախատեսված
օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելիս:
5. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները
ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներից:


Հոդված 9. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական
մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը

(վերնագիրը խմբ. 08.04.09 ՀՕ-87-Ն)



1. Սույն օրենքով նախատեսված հեռախոսային խոսակցությունների վերահսկում
օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում է միայն
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական
մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը
(այսուհետ` Գլխավոր վարչություն) այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումն
իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների միջնորդության հիման վրա`
սույն օրենքով սահմանված կարգով:

2. Գլխավոր վարչության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի
Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարը:
Գլխավոր վարչության անմիջական ղեկավարումն իրականացնում է Գլխավոր վարչության
պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը` Հայաստանի
Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարի
ներկայացմամբ: Գլխավոր վարչության պետի պաշտոնն ազգային անվտանգության
մարմիններում ծառայողների գլխավոր խմբի պաշտոն է:

3. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-270-Ն)

4. Գլխավոր վարչությունը հեռահաղորդակցության օպերատորի մոտ ապահովում է
համապատասխան օպերատիվ-տեխնիկական անհրաժեշտ պայմաններ` սույն
օրենքով լիազորված մարմինների կողմից հեռախոսային խոսակցությունների վերահսկում
օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու համար:



Գրառումը պատրաստվել է Շվեդիայի եւ Internews (Audience understanding and digital support ծրագրի ) ֆինասնական աջակցությամբԼ Տվյալ հրապարակումը արտահայտում է միայն հեղինակի կարծիքները։

No comments:

Post a Comment

Ինչպե՞ս դուրս գալ էլ փոստի և սոցցանցերի հաշիվներից այլ սարքերից

Քանի որ շատ արցախցիներ թողել են իրենց համակարգիչները Արցախում, եւ այնտեղ իրենք լոգին եղած են իրենց հաշիվներում եւ դա կարող է ընկնել թշնամու ...