Mastodon
Showing posts with label social. Show all posts
Showing posts with label social. Show all posts

Օնլայն գրադարաններ կորոնավիրուսին դիմակայելու համար


Մի քանի գրադարան գրեմ ինքնամեկուսացվածների եւ իրենց երեխաների համար․


  • Հայերեն լիքը աուդիոգիրք երեխաների համար - Գրքասեր



  • Ամենամեծ ռուսալեզու գրադարանը, գրեթե ամեն ինչ կա - Flibusta


      Լինում են, որ գրքերը փակված են։ Այդ դեպքում օգտվեք Տելեգրամի բոտից - գրքի անունը գրում ես- ուղարկում ա քեզ @flibustafreebookbot - ես որ սենց եմ քաշում։


  • Ինտերնետի արխիվը - անհնարին քանակի գիրք, կինո, նույնիսկ հին համակարգչային խաղեր։ Իհարկե, միայն հեղինակային իրավունքից արդեն դուրս եկած - Archive.org




  • Իսկ եթե ուզում եք հեղինակային իրավունքի մեջ գտնվեղ, բայց անվճար - ապա rutracker.org - տոռենտով գրեթե ամեն ինչ

Ինչու է պետք անպայման գնալ ընտրությունների․ թվերն են խոսում։

ՀԻմա մի քանի կարեւոր բան, թե ինչու պետք է պարտադիր գնալ ընտրությունների։ Եվ կապ չունի, թե ում եք ընտրելու։

Սոցհացրցումները բավականին վատ ազդեցություն ունեն հայաստանյան հասարակության վրա։  Մի մասը պրոֆեսիոնալ չեն։ Մյուսները՝ մի շարք հանգամանքներ հաշվի չեն առնում։ Օրինակ, ռեյթինգային թեկնածուները հեղինակությունը տվյալ հատվածներում, ինչը կարող է բավականին հետաքրքիր փոփոխություններ մտցնի թվերի մեջ։ Իսկ կարեւորը․ շատ մարդկանց հիասթափեցնում են եւ ստիպում մնալ տանը կամ ձայնը տալ ոչ նրան, ում մարդը կցանցկանար։ Քանի որ, բնականաբար, մարդ ուզում է իր ձայնը տված լինի այն ուժին, որը մեծ հավանականությամբ կանցնի ԱԺ։

Բայց եկեք տեսնենք, որ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։ ՄԻանշանակը մենակ այն է, որ կհաղթի Իմ Քայլը։ Մնացածը կախված է ընտրողներից, այսինքն՝ նաեւ ձեզանից։

Եկեք նայենք։ Անցյալ պարլամենտականներին քվեարկել են 1,575,786 մարդ։ Տեսականորեն քվեարկելու իրավունք ունեցողների թիվը եւս մեկ միլիոնով մեծ է, չնայած այստեղ շատերը պարզապես երկրում չեն։ 2017 ընտրություններին մարդկանց բերում էին ավտոբուսներով, կաշառում էին, այսինքն մոտիվացնում էին գալ ընտրություններին։ Բացի դրանից, մասնակցում էին զոմբի քվեարկողներ։



Հիմա իրավիճակը շատ ավելի հանգիստ է։ Բացի դրանից, չկա հակահեղափոխության նույնիսկ տեսական վտանգ։ Այնպես որ, ենթադրում եմ, ակտիվույթւոնը կլինի առնվազն ոչ ավելի մեծ, իսկ հնարավոր է, որ ավելի ցածր լինի։  Քանի որ Նիկոլին համակրողներից շատերը ապահով են իրենց զգում, հասկանում են, որ ինքն է կրկին դառնում վարչապետ եւ ինչ֊որ տոկոս չի գնա քվեարկելու։ (Չնայած, հիմա խոպանից վերադադրձածների թիվը բավականին մեծ կարող է լինել եվ ազդել վիճակագրության վրա)։

Ենթադրենք, մոտավորապես կրկին 1,5 միլիոն մարդ կգա քվեարկելու։ Իմ Քայլը եւ Նիկոլը վերցնում են, ամենայն հավանականությամբ 70% եւ ավելին։ Հաջորդ ֆավորիտը, Բարգավաճ Հայաստանը, հնարավոր է վերցնի 5-10%: Ստացվում է, որ մնացած 9 կուսակցությւոնների վրա մնում է ամբողջ ձայների ընդամենը  մոտավորապես 20% հատվածԸ։ Այսինքն, միջինացված, ամեն մեկի վրա ընկնում է այնքան, որ վիճակագրական անճշտության մեջ է ընկնում, հարցումները պարզապես չեն կարող կոռռեկտ լինել տվյալ դեպքում, քանի որ իրավիճակը երկրում աննախադեպ է։

Հիմա տեսեք, այդ մոտավոր 20% միասին դա ընդամենը 300 հազար մարդ են։ Եթե ենտադրենք, որ այլեւս ոչ մի քաղաքական ուժ չի վերցնում 5% շեմը, ինչը շատ գհավանական է, պարտադիր երրորդ ուժ մտնում է 2-3% ստացած ուժերից մեկը։ այսինքն, ինչ֊որ ուժ կարող է անցնի ԱԺ զուտ առաջ ընկնելով կես տոկոսով կամ նույնիսկ ավելի փոքր տոկոսով։ Իսկ կես տոկոսը դա ընդամենը 7-8 հազար մարդ են։ Այդ տարբերությունը, որը կբերի հաղթանակի կարող է լինել ընդհանրապես 1-2 հազարին մոտ։ Մի քանի մեծ երեւանյան շենք, մեկ գյուղ կարող են լրջորեն ազդել ընտրությունների արդյունքների վրա։

Իսկ սա նշանակում է, որ առաջին անգամ իսկապես ամեն մեկի ձայնը կարեւոր է։ Տունը նստելով կամ մտածելով, որ «մեկ ա այս ուժը չի հաղթի, էլ ինչու իրան ձայն տամ», մենք մեր ձեռքով կարող ենք վատ առումով ազդել մեր նախընտրած քաղաքական ուժի եւ  անձամբ մեր ապագայի վրա։

Եվ երկրորդը։ Եթե նույնիսկ ձեր նախընտրած ուժը չի անցնում, կարեւոր է որ այն, այնուամենայնիվ, ստանա շատ մարդկանց ձայներ։ Որպեսզի կառավարությունը հետագհայում հասկանա, որ տվյալ մոտեցումը, տվյալ աշխարհահայացքը ունի իր հետեւորդներին։ 

Եվ վերջինը, իմ սուբյեկտիվ կարծիքը։ Եթե չգիտեք ում ձայն տաք, բայց բեսամթ մտահոգ չեք, կարող եք ընտրել նրանց, ով կոնստրուրտիվ հակակշիռ կլինի ներկա եւ ապագա կառավարությանը։ Օրինակ, արեւմտամետ «Մենքին», սոցիալ֊դեմոկրատ «Քաղաքացու Որոշումին»։ Կամ՝ ում կցանկանաք։

Կարեւորը․ տանը մի նստեք։ Քվեարկեք։

ՈՒՂԻՂ ԵԹԵՐՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ (ինչպես ձևափոխվեց տեղեկատվական դաշտը)

ՀՀ-ում թավշյա հեղափոխության ընթացքում սոցիալական մեդիաներն ունեցան ամենակարևոր դերերից մեկը։ Հիմնական հաղորդակցամիջոցը ավանդական ԶԼՄ-ից տեղափոխվեց դեպի նորագույն տեխնոլոգիաներ, ուղիղ եթերներ սոցիալական հարթակներում։ Նույնիսկ օնլայն լրատվականներն այդքան մեծ ազդեցություն չունեցան տվյալ ժամանակահատվածում։
Բնականաբար, Հայաստանի թիվ 1 սոցիալական ցանցը՝ Ֆեյսբուքը, որն ունի ամենամեծ լսարանը, ամենահիմնական հարթակն էր, որտեղ ծավալվում էին քննարկումները և տարածվում էին նյութերը։ Ավելին, վերջին ամսվա ընթացքում հայաստանյան Ֆեյսբուքի լսարանը մոտ 10% աճ ունեցավ․ 1 մլն 100 հազ. ակտիվ օգտատերից մինչև 1 մլն 200 հազ. ակտիվ օգտատեր1։
Ինչպես հետևում է, օրինակ, հոդվածի հեղինակի Թվիթերի հաշվի (https://twitter.com/Kornelij) այցելությունների դինամիկայից, ապրիլի 15-ից հետո նկատվում է գրառումների դիտումների կտրուկ աճ (տե՛ս Նկար 1).


Գերակտիվ էր նաև Ինստագրամը։ Այստեղ լսարանը հասնում է ֆեյսբուքյան լսարանի կեսին․ 560 հազ. ակտիվ օգտատեր։ Սակայն այս լսարանն ավելի երիտասարդ է, մոտ 80%-ը կազմում են մինչև 35 տարեկան երիտասարդները։
Կտրուկ ավելացել էր նաև Թվիթերի լսարանը. սոցցանցի յուրահատկություններից մեկն այն է, որ հարթակն ավելի բաց է որոնումների համար, և ընթերցողների զգալի մասն արտասահմանցիներ են, որոնց հետաքրքրում է Հայաստանի ներքաղական կյանքը (տե՛ս Նկար 1, 2):



Սակայն ամենահեղափոխականը տեղեկատվական հոսքերում ուղիղ եթերների գերակշռումն էր։ Հիմնական լսարանը միտված էր օգտվելու Ֆեյսբուքի և Յութուբի ուղիղ եթերներից։
Որպես հետևանք՝ ինտերնետ կապը ծայրահեղ ծանրաբեռնված է աշխատել, սպառումը, ըստ պրովայդերների, գերազանցել է բնական վիճակի 300%-ը․ «Թրաֆիկի ծավալների նման կտրուկ աճին տեխնիկապես որևէ ցանց պատրաստ չէ։ Սովորաբար ցանցի և կապուղիների պլանավորումը կատարվում է թրաֆիկի օրինաչափ ծավալներից մոտ 20-30% ավելի ռեզերվային թողունակությունն ապահովելու հաշվարկով։ Իսկ վերջին օրերին թրաֆիկի պահանջարկն ավելացել է ոչ թե 20, 30 կամ 50, այլ միջինը մոտ 300%-ով»2։
Հիմնական լրատվամիջոցները, որոնք իրականացրել են ուղիղ եթերներ ապրիլ-մայիսի ընթացքում, իրենց ողջ պատմության մեջ ամենադիտված տեանյութերն են արձանագրել այդ ժամանակահատվածում (տե՛ս Նկար 3-5).



Ինչ վերաբերում է ֆեյսբուքյան ուղիղ եթերներին, ապա այս գործիքն օգտագործվում էր բազմաթիվ քաղաքացիների կողմից։ Իհարկե, ամենաազդեցիկ ֆեյսբուքյան էջն այս ընթացքում Նիկոլ Փաշինյանինն էր (տե՛ս Նկար 6):
Ավելին, Փաշինյանի ուղիղ եթերները ռեկորդային դիտումներ էին գրանցում Հայաստանի համար։ Նորանշանակ վարչապետի ուղիղ եթերը Բաղրամյան 26-ից դիտվել է մեկ միլիոն անգամ, ինչը հայաստանյան Ֆեյսբուքի հատվածի համար աննախադեպ է (տե՛ս Նկար 7):

Թավշյա հեղափոխությունը նոր ձևաչափեր ստեղծեց Հայաստանի սոցիալական մեդիաների, ինչպես նաև ընդհանուր տեղեկատվական դաշտում, ինչի հետևանքներն ավելի ցայտուն կերևան մոտ ապագայում, երբ նոր մոտեցումները դառնան առօրեական։
1 Ֆեյսբուքի գովազդային հարթակի տրամադրած տվյալներն են։
2 Հայաստանում ապրիլի 13-ից արձանագրվել է ինտերնետային թրաֆիկի սպառման կտրուկ աճ, https://www.azatutyun.am/a/29206587.html


ՄԱՐՎԻՆ ՀԻՄԵՅԵՐԸ, ԲՈՒԼԴՈԶԵՐԸ ԵՒ #ELECTRICYEREVAN-Ը

2004 թվականի հունիսի հինգին Մարվին Հիմեյերը՝ զոդող վարպետը և ավտոպահեստանոցի տերը, զրահապատ բուլդոզերով դուրս եկավ իր փոքրիկ քաղաքի փողոցները և սկսեց ավիրել քաղաքը, հիմնականում, կոնֆլիկտի մեջ գտնվող ընկերությանը պատկանող և պետական կառույցները, օրինակ, ոստիկանության շենքը։ Մարվինն այնքան լավ էր զրահապատել բուլդոզերը, որը ոստիկանությանը երկար ժամանակ չէր հաջողվում խանգարել իրեն՝ քաղաքը հողին հավասարեցնելը։



Վերջում Մարվինն ինքնասպան եղավ։ Եվ մնաց պատմության մեջ։ Շատերի համար նա առ այսօր հերոս է։ Մարդ, որը գնաց սիստեմի դեմ, որը մինչև վերջ պայքարեց։ Մարդ, որը դեմ գնաց ամենամեծ երկու չարիքների դեմ. պետության և կորպորացիաների։

Անկասկած, Մարվին Հիմեյերի կերպարը շատ տարբեր ձև կարող է ընկալվել և մեկնաբանվել. որպես հերոս, ինչպես արդեն գրեցի, կամ հակառակը՝ որպես հիմար, որը ոչնչի չհասավ, հետն էլ ամեն բան կործանեց։ Կարծիքները Մարվինի մասին, անկասկած, շատ կլինեն։ Կախված նրանից, թե դուք ավելի ձախ եք, թե աջ, կամ, միգուցե, դուք պարզապես կողքով անցնում էիք ու տենց էլ բան չհասկացաք, թե էդ տղեն ինչ էր ուզում։ Երկու բան է անկասկած։ Մեկը, որ Մարվինը յուրահատուկ մարդ էր։ Եվ մյուսը, ինձ համար, Մարվին Հիմեյերը հասարակ մարդու անճարության կապիտալի ու քաղաքական ուժերի հանցավոր սերտաճման դեմ մնացած պայքարի ձևերը սպառած, ողբերգական, մյուս կողմից էլ՝ հավաքական կերպար է։ Եթե պետությունը մարդու դեմ կիրառում է բոլոր պատժիչ մեխանիզմները, սպասարկելով ինչ֊որ նեղ շրջանակների լայն շահերը, երբ մարդուն ոչ մի լծակ չեն թողնում իրավիճակը փոխելու, այ հենց այդ օրերին փողոց են դուրս գալիս Մարվինները, որոնք զրահապատ բուլդոզերից բացի, ուրիշ տարբերակ չեն տեսնում։ Որը էլի տարբերակ չէ, բայց ուրիշ չի երևում։

Մի տարի առաջ էլ մենք դուրս եկանք Բաղրամյանի պողոտա։ Երբ ամեն բան ավարտվեց, ավելի շատ վերլուծություն գրվեց, քան մարդ կար փողոցում։ Ոնց ասես չգնահատվեց եղածը։ Սկսած վերջնական հաղթանակից (կամ պարտությունից), վերջացրած նրանով, որ ամեն բան Բուդդայի երազն է, և Բաղրամյանում ոչինչ չի էլ եղել։ Ես չէի ուզենա հիմա քննարկել, թե Բաղրամյանի շարժման մեջքին կայի՞ն արդյոք դավադիր ուժեր, թե՞ չկային, եթե կային, ապա որոնք էին դրանք։ Այս հարցերը թողնեմ Մարինեին Պետրոսյան, իրա մոտ սահմռկեցուցիչ հարցադրումներն ավելի լավ են ստացում։ Ինձ համար Բաղրամյանը բացի ամենից, ուրիշ բան ցույց տվեց. որ մեր հասարակությունը փնտրում է բողոքելու ձևեր, աշխատող ձևեր։ Չէի ասի, որ արդեն լավ աշխատող լուծումներ կան, բայց ձևեր պետք են ու ավելի շատ նույնիսկ ոչ հասարակությանը, այլ իշխանությանը։ Եթե հասարակության ձայնը լսելու և ընկալելու մեխանիզմները ժանգոտում են, եթե իշխանության մեջ ոտքից գլուխ թաթախված մարդիկ կորցնում են իրականության հետ կապը և ապրում են պերմանենտ իրենց արածից բավարարվածության վիճակում, եթե համոզված են, որ իրենք միշտ ճիշտ են, եթե հասարակ մարդը չունի ոչ մի հնարավորություն ինչ-որ սխալ բան ուղղելու, փողոց է դուրս գալիս զրահապատ բուլդոզերը։ Աշխատասենյակ է մտնում Վերա Զասուլիչը։

Մեքենայի կողքով անցնում է Կիբալչիչը։

Գիշերներով սրտները սարսափով են լցնում Անդրեաս Բաադերն ու Ուլրիկա Մայնհոֆը։

Համաձայնեք, որ չբոլորած մեկ տարվա մեջ հատուկ ծառայությունների կողմից հայտարարված երկու ռազմական ապստամբության բացահայտված դեպքերը մի քիչ շատ են մի երկրի համար։ Ես հիմա էլի չեմ քննարկում, թե որքանով են վստահելի ներկայացված ապացույցները, որքանով է դա սարքած գործ և այլն։ Պարզապես, որպես տեղեկատվական փաստ, նորմալ չէ, երբ երկրում անընդհատ ենթադրյալ ապստամբներ են ձերբակալվում։ Վատ հոտ է գալիս այս ամենից։ Ու սրա մեղավորը հաստատ մենք չենք՝ հասարակ քաղաքացիներս։ Բաղրամյանում մենք փորձեցինք այլ տարբերակներ առաջարկել։ Տեսնենք, թե որ ուղղով կգնանք՝ բուլդոզե՞ր, թե՞ #ElectricYerevan։

ԴՈՒՔ Ո՞ՒՐ ԷԻՔ, ՈՐ ՄԵՆՔ ՄԱՅԴԱՆՎՈՒՄ ԷԻՆՔ ՍՏԵՂ

Յալանուզյան Միքայելի հետ զրուցում էինք անկախության առաջին ամիսների, տարիների մասին։ Սենց զրույցների ժամանակ շատ բաներ ես վերհիշում, ուրիշ հայացքով նայում եղածին։ Խոսակցությունը գնաց 88-92թթ. երիտասարդական շարժումներից։ Ընդհանրապես այդ թվերի ազատական, ժողովրդավարական շարժումներից։ 

Իհարկե, մենք 88-ը հիշելիս, հիմնականում խոսում ենք Արցախյան շարժման մասին։ Բայց իրականում դա այդպես էր միայն սկզբնական փուլում։ Երբ դեռ ցույցերին Լենինի նկարներ կային, երբ դեռ համարում էին, որ Կոմկուսում կան լավ ու վատ թևեր, որ Գորբաչովի խալը ժավելի սպիրտով մաքրել կլինի։ Բայց բավականին արագ վիճակը փոխվեց։ Եվ բացի ամենից, շարժումը սկսեց պարունակել իր մեջ նաև երիտասարդական, ժողովրդավարական և այլ տիպի վեկտորներ։ Այդ ընթացքում Հայաստանը շատ արագ դադարեց լինել Սովետական Միության մաս։ Առնվազն հոգեբանորեն Սովետը Հայաստանում փլվել էր։ Այդ տարիներին անեկդոտ էին պատմում, որ ինքնաթիռը Հայաստանից Մերձբալթյան հանրապետություններ թռնում է Սովետական Միության տարածքով։ 

Ավելին, Հայաստանից մարդիկ գնում էին տարբեր սովետական հանրապետություններ, սովորեցնում էին ցույցեր կազմակերպել, բողոքի ակցիաներ տեղը տեղին անել։ Քանի որ նման փորձ մենք ունեինք, մինչև մեր շարժումը Սովետում ցույց անել կարելի էր միայն բանծիկներով ու շործիկներով ու միայն տոնական օրերին։ Իսկ մեկ տարվա առճակատումը կագեբե-ի, սեքսոտների (սա խուժան բառ չէ), բանակի հետ, բազմաթիվ պայքարի կրեատիվ մեթոդների հայտնաբերումը ու կիրառումը հայաստանցիներին դարձրեց իսկական պրոֆեսիոնալ հեղափոխականներ։ Ինչ ասես չէին մտածում այդ օրերին։ Օրինակ, եթե պետք էր հայտարարել գործադուլ, իսկ լրատվամիջոցները քո ձեռքում չեն, Ֆեսյբուք էլ թարսի պես չկա։ Ճիշտ է, կարելի է թռուցիկներ տարածել։ Բայց դրանք գտնում, պոկում էին։ Իսկ կարելի է ավելի կրեատիվ բաներ հորինել։ Օրինակ, մետրոյում մաշինիստը կարող է հայտարարել․ «Դռները փակվում են։ Հաջորդ կայարանը՝ Երիտասարդական։ Համ էլ, ժողովուրդ ջան, վաղվանից գործադուլ ենք սկսում»։ Ու սենց հազար ու մի բան։ Ու ցանկություն կար կիսվելու մնացած անճար ժողովուրդների հետ։  Այնպես որ հայկական էմիսարները ուր ասես չէին հայտնվում այդ օրերին։

Ո՞ւր էին ուկրաինացիք, երբ մենք մայդանը մայդանի վրա էինք անում։

Ընդհանրապես, երիտասարդությունը ապրում էր ոչ միայն ներքին խնդիրներով։ Երբ Տյանանմեն հրապարակում ճնշվեց ուսանողական շարժումը, Երևանում անցկացվեցին չինացի ուսանողների հետ համերաշխության ակցիաներ։ Իսկ հիմա դրա մասին նույնիսկ հայերեն նյութ չկա Վիքիպեդիայում։ 

Ասեմ ավելին, չծիծաղեք։ Եթե այսօրվա միջին ֆեյսբուքյան հայ օգտատիրոջը (էն, որ ասում են ֆեյսբուքահայ) ցույց տային, թե ինչ էր կատարվում Հայաստանում 89-91 թվականներին, բայց չասեին, թե որտեղ ու ինչ է կոնկրետ կատարվում, ապա մեծամասնությունը կասեր, որ սրանք սաղ զոմբիներ են, որ սրանց բոլորին ամերիկացիք փող են տվել, որ հեղափոխություն անեն, որ տեղները չեն շնթրկում, մի հատ էլ փորձում են հարևան երկրներ արտահանել իրանց մայդանը, որ սրանք երկիրն են կործանում։ Ու լիքը ուրիշ բաներ, որոնք լավ բոլորս պատկերացնում ենք։

Tempora mutantur et nos mutantur in illis

հրապարակվել է Թերթ․ամ֊ում

Scam, ֆինանսների նախարարության անունից

 Տարածվում է Ֆեյսբուքում, գովազդի միջոցով