Mastodon

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Կիբեռանվտանգության հետ կապված խնդիրները դառնում են առաջնային միջազգային մակարդակով։ Արդեն հասկանալի է, որ կիբեռհարձակումները ոչ միայն հասցնում են ահռելի վնասներ համաշխարհային տնտեսությանը (ըստ որոշ հաշվարկների՝ ընդհանուր վնասը 2016թ. կազմել է $450 մլրդ1), դրանք նաև ազգային մակարդակի լուրջ վտանգներ են կրիտիկական ենթակառուցվածքների համար2։
Հայաստանի Հանրապետությունը, լինելով աշխարհի մի մաս, չի կարող խուսափել հիմնական արդիական վտանգներից։ Բացի այդ, քանի որ Հայաստանն ինքնին հանդիսանում է թիրախ ադրբեջանական և թուրքական հաքերային խմբերի համար, ապա այստեղ կան նաև հստակ վտանգներ, որոնք տեսական բնույթ չեն կրում։
Առկա իրավիճակում պետք է ենթադրել, որ Հայաստանում կիբեռանվտանգությանը պետք է հատուկ ուշադրություն դարձվի։ Սակայն իրական պատկերը հեռու է իդեալականից։ Առավել ևս, որ կիբեռանվտանգությունը ենթադրում է անընդհատ և դինամիկ պաշտպանության զարգացում, քանի որ վտանգները տարեցտարի փոխվում են։ Իրականում Հայաստանը պատրաստ չէ արդիական մարտահրավերներին կիբեռտիրույթում։ Անպատրաստությունը որոշ ոլորտներում արձանագրեց նաև International Telecommunication Union (ITU) ՄԱԿ գործակալության կողմից հրապարակված Global Cyber Security Index 2017համաշխարհային կիբեռանվտանգության ուսումնասիրությունը3։
Այս ուսումնասիրությունը տեղադրում է Հայաստանը 111-րդ դիրքում, այսինքն՝ աշխարհում գրեթե ամենավատ դիրքերում։ Մինչդեռ, օրինակ, մեր հարևան Վրաստանն արդեն 8-րդ տեղում է հայտնվել, Ադրբեջանը՝ 48-րդ (տե՛ս Աղյուսակ 1).


Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի նման ցածր դիրքը վարկանիշում։ Ուսումնասիրությունը գնահատել է երկրներն ըստ մի քանի հիմնական ոլորտային չափանիշների։ Խոսքը հինգ հիմնական խմբերի մասին է․ ոլորտային օրենսդրության, տեխնիկական, որը ենթադրում է ազգային մակարդակի կամ ոլորտային կիբեռանվտանգության պատասխանատու մարմինների առկայությունը, կիբեռանվտանգության ռազմավարությունը, ստանդարտների ձևավորումը և կրթական ծրագրերն ու համագործակցությունն ինչպես երկրի սահմաններում, այնպես էլ միջազգային մակարդակով (տե՛ս Նկար 1).



Եթե դիտարկենք նման ցուցանիշները, ապա կտեսնենք, որ Հայաստանում գրեթե ոչ մի կետ ազգային կամ պետական մակարդակով ոչ իրականացված են տվյալ պահին, ոչ էլ իրագործման ճանապարհին են։ Օրենսդրությունը հիմնական առումով չի նկարագրում արդիական ՏՏ զարգացումները։ Կիբեռանվտանգության հանրային կամ ոլորտային պատասխանատու մարմիններ, որպես այդպիսին, չկան։ Գոյություն ունեն մի շարք կառույցներում, օրինակ՝ ԱԱԾ-ում, համապատասխան բաժիններ, որոնք, սակայն, լուծում են խիստ սահմանափակ տիրույթների պաշտպանության խնդիրը4։ Հստակ ռազմավարության բացակայությունը տվյալ պահին բերում է նաև ստանդարտների բացակայության։ Կրթական համակարգում խնդիրն ընդհանրապես անտեսվում է։ Ինչ վերաբերում է համագործակցությանը միջազգային մակարդակով, սա միակ ոլորտն է, ուր Հայաստանը դերակատար է հանդիսանում (տե՛ս Նկար 2).



Իհարկե, ցուցանիշները տագնապալից են։ Սակայն դրանք ցուցադրում են Հայաստանի պոտենցիալ խոցելիությունը կիբեռհարձակումների տեսանկյունից։ Մյուս կողմից, ինքնակարգավորման, տեղական լուծումների շնորհիվ վտանգները նվազեցվում են։ Բացի այդ, առայսօր չկա հստակ հրապարակված վիճակագրություն՝ կապված Հայաստանում կիբեռհանցագործությունների հետ։
2 Սամվել Մարտիրոսյան. «Կիբեռանվտանգություն և կրիտիկական հանգույցների պաշտպանություն», http://www.noravank.am/arm/video/detail.php?ELEMENT_ID=14795
4 Ինտերնետ ցանցում պետական մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող նվազագույն պահանջները հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, 26 դեկտեմբերի 2013 թվականի, N 1521-Ն, http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=88785

Ինչպե՞ս դուրս գալ էլ փոստի և սոցցանցերի հաշիվներից այլ սարքերից

Քանի որ շատ արցախցիներ թողել են իրենց համակարգիչները Արցախում, եւ այնտեղ իրենք լոգին եղած են իրենց հաշիվներում եւ դա կարող է ընկնել թշնամու ...