Mastodon

Pegasus֊ը․ Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ

 

 

Նոյեմբերի 24-ի լույս գիշերով բազմաթիվ մարդիկ ստացել են նամակ Apple֊ից, ուր իրենց տեղեկացնում էին, որ իրենք հանդիսացել են թիրախ պետական հաքերային թիմի կողմից հարձակման։ Նամակում չի նշվում, թե դա ինչ տիպի հարձակում է եւ որ երկրի հաքերների մասին է խոսքը։ 

Հայտնի է միայն, որ նման նամակներ ստացել են մարդիկ, որոնք կամ իրենք կարեւոր դերակատարում ունեն Հայաստանի հանրային եւ քաղաքական գործընթացներում կամ հանդիսանում են կարեւոր կառույցի աշխատակից։ Մեզ հայտնի է ավելի քան երկու տասնյակ մարդ, ով ստացել է նման զգուշացում Apple֊ից։ Դրանց մի մասը ընդդիմադիր են, մի մասը ներկայացնում են կամ վերջերս ներկայացրել են իշխանության տարբեր ճյուղեր։

Նամակների ստացումից մի քանի ժամ առաջ Apple-ը հայտնել էր, որ դատի է տալիս իսրայելական NSO Group կազմակերպությանը, որն լրտեսական ծրագրեր է ստեղծում եւ վաճառում պետական կառույցներին, հետախուզական գործողությունների համար։ Ծրագիրը կոչվում է Pegasus, եւ ամենայն հավանականությամբ, նամակը հենց այս ծրագրի հավանական զոհերին է ուղղվել։

Մի քանի մարդ արդեն հանրայնորեն հայտարարել են, որ իրենք ստացել են նման նամակներ։ Մեկը դա նախկին ԱԱԾ տնօրեն եւ ներկա “Պատիվ ունեմ” ընդդիմադիր ուժի ղեկավար Արթուր Վանեցյանն է։ Մյուսը՝ Դավիդ Սանասարյանն է։ Ավելի ուշ նման բանի մասին հայտնեց փաստաբան Աննա Կարապետյանը։ Նաեւ բարձր տեխնոլոգիական արտադրության նախարար Վահագն Խաչատրյանը հայտնեց լրագրողներին, որ ստացել է նման նամակ։ Ըստ տեղեկատվության անվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանի՝ ինքը դեռ երկու ամիս արաջ հայտնաբերել էր Pegasus Վանեցյանի եւ իրմտերիմների հեռախոսների վրա։




Արթուր Վանեցյանի ստացված նամակը


Հաշվի առնելով հնարավոր վարակվածների ցանկը եւ այն փաստը, որ բոլորը նույն պահին են ստացել զգուշացնող նամակը, կարելի է ենթադրել, որ Apple֊ում կարող էին մի քանի ալիք հարձակումները մեկ փուլով ընդգրկել զգուշացման արշավում։ Շատ հնարավոր է, որ մենք գործ ունենք մի քանի դեպքերի հետ, որոնց ընթացքում, օրինակ, վարակումները կարող էին ուենալ արտաքին եւ ներքաղական պատճառներ։ Քանի որ բոլոր վարակվածները միասին դժվար թե կարողանային հետաքրքրել մեկ հարձակվող կողմին։

Իսկ հիմա անդրադառնանք մի քանի կարեւոր հարցերի․

Ինչ է Pegasus֊ը


Pegasus֊ը իրենից ներկայացնում է բջջային հեռախոսները վարակող ծրագիր, որը արտադրվում է Իսրայելական NSO Group կազմակերպության կողմից եւ վաճառվում է միջազգային շուկայում՝ տարբեր պետական կառույցներին հետախուզական գործողոթւյուների համար։ Ծրագիրը թույլ է տալիս վարակված հեռախոսի միջոցով լիարժեք հետեւել թիրախին, ստանալով գրեթե ողջ տեղեկատվությունը, որի հնարավորությունը տալիս է սմարթֆոնը։ Կազմակերպությունը իրականացնում է վարակումը ինքնուրույն, պատվերով՝ ստանալով թիրախների ցանկը եւ տրամադրում հետո գործիքակազմը պատվիրատուին։

Ինչ հնարավորություններ է այն տալիս


Pegasus֊ը կարող է վարակել երկու հիմնական օպերացիոն համակարգերը․ iOS, Android. Pegasus֊ի վարակումը իրականացվում է SMS, iMessage, WhatsApp միջոցով։ Վարակումից հետո այն թույլ է տալիս լիարժեք հետեւել թիրախին, մուտք ստանալով տվյալներին, հաղորդագրություններին, զանգերին։ Բացի դրանից, այն կարող է աննկատ միացնել հեռախոսի տեսախցիկն ու խոսափողը։ Փաստացի, թիրախը գաղտնիք չի ունենում։

Կարող է ես էլ լինեմ Pegasus֊ի զոհ


Pegasus֊ը թանկ հաճույք է։ Խոսքը գնում է մի քանի հազար դոլարի մասին մեկ թիրախի համար։ Ամենայն հավանականությամբ դուք կարող եք լինել թիրախ այն դեպքում, երբ դուք հասարակա֊քաղաքական կամ ռազմական կարեւոր գործիչ եք, հետաքննող լրագրող կամ խմբագիր։ Իհարկե, նաեւ, եթե դուք կարեւոր հանցագործ եք կամ ահաբեկիչ։ Նաեւ, եթե դուք վերոհիշյալ անձնաց մոտիկ բարեկամ եք։ Մնացած այլ դեպքերում գրեթե անհնարին է, որ ձեր դեմ կկիրառվի նման թանկարժեք գործիք։

Իսկ ում դեմ է Pegasus֊ը կիրառվել


Ենթադրվում է, որ ուժային կառույցները պետք է Pegasus֊ը օգտագործեն օրենքի սահմաններում։ Վերջին ամիսների բացահայտումները ցույց տվեցին, որ տասնյակ երկներում այն կիրառվել է ընդդիմադիրներին, լրագրողներին եւ այլ անհարմար անձանց հետեւելու համար։ Ավելին, կան տվյալներ այն մասին, որ պատերազմի ժամանակ 2020֊ին Pegasus֊ը կիրառվել է Հայաստանի պաշտոնյաների դեմ, ինչը խոսում է այն մասին, որ հարձակումները կարող էին լինել Ադրբեջանի կամ Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից։

Ամեն դեպքում, միջազգային մամուլի կողմից ստացված տեղեկությունները խոսում են այն մասին, որ ծրագրի միջոցով գաղտնալսվել են առնվազն մոտ հիսուն հազար մարդ, որոնցից շատերը ապօրինի․ լրագրողներ, իրավապաշտպաններ, քնդդիմադիր քաղաքական գործիչներ, ակտիվիստներ եւ այլն։ Գործիքը նաեւ ակտիվ ներքին դաշտում կիրառում է Ադրբեջանը։

Ինչ անել, եթե դուք վարակվել եք կամ կասկածներ ունեք


 Միանգամից ասեմ, որ առանց մասնագետի դուք չեք կարող հաստատ իմանալ, վարակված եք իրականում, թե ոչ։ Բայց եթե ստացել եք նամակ կամ կասկածներ ունեք, ապա կարող եք հեռախոսը զրոյացնել, քցել գործարանային վիճակի, ինչը կսպանի վիրուսին։ Կամ կա ավելի անարյուն ձեւ։ Թարմացնել հեռախոսը։ Սա ընդհանրապես հարկավոր է անընդհատ անել։ Իսկ եթե ձեր հեռախոսը այլեւս չի թարմացվում ամիսներ շարունակ, ապա մտահոգվել նոր հեռախոս ունենալու հարցով։ Փոխել գաղտնաբառերը։ վ հիշել, որ այսօր Pegasus֊ը դադադրում է գործել հեռախոսի ռեստարտից հետո, եւ այլեւս չի միանում։ Եթե ձեզ նորից չվարակեն։

Եթե դուք իսկապես կարեւոր թիրախ եք, ապա հիշեք, որ այսօր ձեր դեմ կկիրառվի Pegasus֊ը, հաջորդ օրը՝ մեկ այլ վնասակար ծրագիր։ Սա նշանակում է, որ դուք պետք է լրջորեն անհանգստանաք ձեր թվային անվտանգությունով եւ հասկանաք, որ ձեր դեպքում մի քանի տողով հնարավոր չէ ապահովել պատշաճ անվտանգություն։


Գրառումը պատրաստվել է Շվեդիայի եւ Internews (Audience understanding and digital support ծրագրի ) ֆինասնական աջակցությամբԼ Տվյալ հրապարակումը արտահայտում է միայն հեղինակի կարծիքները։

No comments:

Post a Comment

Ինչպե՞ս դուրս գալ էլ փոստի և սոցցանցերի հաշիվներից այլ սարքերից

Քանի որ շատ արցախցիներ թողել են իրենց համակարգիչները Արցախում, եւ այնտեղ իրենք լոգին եղած են իրենց հաշիվներում եւ դա կարող է ընկնել թշնամու ...