Mastodon

ՄԱՐՎԻՆ ՀԻՄԵՅԵՐԸ, ԲՈՒԼԴՈԶԵՐԸ ԵՒ #ELECTRICYEREVAN-Ը

2004 թվականի հունիսի հինգին Մարվին Հիմեյերը՝ զոդող վարպետը և ավտոպահեստանոցի տերը, զրահապատ բուլդոզերով դուրս եկավ իր փոքրիկ քաղաքի փողոցները և սկսեց ավիրել քաղաքը, հիմնականում, կոնֆլիկտի մեջ գտնվող ընկերությանը պատկանող և պետական կառույցները, օրինակ, ոստիկանության շենքը։ Մարվինն այնքան լավ էր զրահապատել բուլդոզերը, որը ոստիկանությանը երկար ժամանակ չէր հաջողվում խանգարել իրեն՝ քաղաքը հողին հավասարեցնելը։



Վերջում Մարվինն ինքնասպան եղավ։ Եվ մնաց պատմության մեջ։ Շատերի համար նա առ այսօր հերոս է։ Մարդ, որը գնաց սիստեմի դեմ, որը մինչև վերջ պայքարեց։ Մարդ, որը դեմ գնաց ամենամեծ երկու չարիքների դեմ. պետության և կորպորացիաների։

Անկասկած, Մարվին Հիմեյերի կերպարը շատ տարբեր ձև կարող է ընկալվել և մեկնաբանվել. որպես հերոս, ինչպես արդեն գրեցի, կամ հակառակը՝ որպես հիմար, որը ոչնչի չհասավ, հետն էլ ամեն բան կործանեց։ Կարծիքները Մարվինի մասին, անկասկած, շատ կլինեն։ Կախված նրանից, թե դուք ավելի ձախ եք, թե աջ, կամ, միգուցե, դուք պարզապես կողքով անցնում էիք ու տենց էլ բան չհասկացաք, թե էդ տղեն ինչ էր ուզում։ Երկու բան է անկասկած։ Մեկը, որ Մարվինը յուրահատուկ մարդ էր։ Եվ մյուսը, ինձ համար, Մարվին Հիմեյերը հասարակ մարդու անճարության կապիտալի ու քաղաքական ուժերի հանցավոր սերտաճման դեմ մնացած պայքարի ձևերը սպառած, ողբերգական, մյուս կողմից էլ՝ հավաքական կերպար է։ Եթե պետությունը մարդու դեմ կիրառում է բոլոր պատժիչ մեխանիզմները, սպասարկելով ինչ֊որ նեղ շրջանակների լայն շահերը, երբ մարդուն ոչ մի լծակ չեն թողնում իրավիճակը փոխելու, այ հենց այդ օրերին փողոց են դուրս գալիս Մարվինները, որոնք զրահապատ բուլդոզերից բացի, ուրիշ տարբերակ չեն տեսնում։ Որը էլի տարբերակ չէ, բայց ուրիշ չի երևում։

Մի տարի առաջ էլ մենք դուրս եկանք Բաղրամյանի պողոտա։ Երբ ամեն բան ավարտվեց, ավելի շատ վերլուծություն գրվեց, քան մարդ կար փողոցում։ Ոնց ասես չգնահատվեց եղածը։ Սկսած վերջնական հաղթանակից (կամ պարտությունից), վերջացրած նրանով, որ ամեն բան Բուդդայի երազն է, և Բաղրամյանում ոչինչ չի էլ եղել։ Ես չէի ուզենա հիմա քննարկել, թե Բաղրամյանի շարժման մեջքին կայի՞ն արդյոք դավադիր ուժեր, թե՞ չկային, եթե կային, ապա որոնք էին դրանք։ Այս հարցերը թողնեմ Մարինեին Պետրոսյան, իրա մոտ սահմռկեցուցիչ հարցադրումներն ավելի լավ են ստացում։ Ինձ համար Բաղրամյանը բացի ամենից, ուրիշ բան ցույց տվեց. որ մեր հասարակությունը փնտրում է բողոքելու ձևեր, աշխատող ձևեր։ Չէի ասի, որ արդեն լավ աշխատող լուծումներ կան, բայց ձևեր պետք են ու ավելի շատ նույնիսկ ոչ հասարակությանը, այլ իշխանությանը։ Եթե հասարակության ձայնը լսելու և ընկալելու մեխանիզմները ժանգոտում են, եթե իշխանության մեջ ոտքից գլուխ թաթախված մարդիկ կորցնում են իրականության հետ կապը և ապրում են պերմանենտ իրենց արածից բավարարվածության վիճակում, եթե համոզված են, որ իրենք միշտ ճիշտ են, եթե հասարակ մարդը չունի ոչ մի հնարավորություն ինչ-որ սխալ բան ուղղելու, փողոց է դուրս գալիս զրահապատ բուլդոզերը։ Աշխատասենյակ է մտնում Վերա Զասուլիչը։

Մեքենայի կողքով անցնում է Կիբալչիչը։

Գիշերներով սրտները սարսափով են լցնում Անդրեաս Բաադերն ու Ուլրիկա Մայնհոֆը։

Համաձայնեք, որ չբոլորած մեկ տարվա մեջ հատուկ ծառայությունների կողմից հայտարարված երկու ռազմական ապստամբության բացահայտված դեպքերը մի քիչ շատ են մի երկրի համար։ Ես հիմա էլի չեմ քննարկում, թե որքանով են վստահելի ներկայացված ապացույցները, որքանով է դա սարքած գործ և այլն։ Պարզապես, որպես տեղեկատվական փաստ, նորմալ չէ, երբ երկրում անընդհատ ենթադրյալ ապստամբներ են ձերբակալվում։ Վատ հոտ է գալիս այս ամենից։ Ու սրա մեղավորը հաստատ մենք չենք՝ հասարակ քաղաքացիներս։ Բաղրամյանում մենք փորձեցինք այլ տարբերակներ առաջարկել։ Տեսնենք, թե որ ուղղով կգնանք՝ բուլդոզե՞ր, թե՞ #ElectricYerevan։

No comments:

Post a Comment

Ինչպե՞ս դուրս գալ էլ փոստի և սոցցանցերի հաշիվներից այլ սարքերից

Քանի որ շատ արցախցիներ թողել են իրենց համակարգիչները Արցախում, եւ այնտեղ իրենք լոգին եղած են իրենց հաշիվներում եւ դա կարող է ընկնել թշնամու ...